Պատերազմի ընթացքում զոհված,  անհետ կորած և գերի զինծառայողների թվի հրապարակումը ՊՆ-ն դեռ նպատակահարմար չի համարում

2020 թվականի դեկտեմբերի 30-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.

1. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ զոհ ունի հայկական կողմը:

2. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը:

3. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ անհետ կորած և գերի ունի հայկական կողմը:

4. Պատերազմից հետո քանի՞ զոհ, վիրավոր, անհետ կորած և գերի ունի հայկական կողմը։

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարի անունով ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից գրություն է ստացվել, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 30.12.20թ. տեղեկություն ստանալու հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ զոհված, վիրավոր, գտնվելու վայրն անհայտ և գերության մեջ գտնվող զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք էր համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը, ինչին հետևեցին մասնագետների օրենսդրական դիտողությունները:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ թվարկում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական և ծառայողական գաղտնիք: Մասնավորապես, օրենքի 9-րդ հոդվածում նշվում է՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

«Բայց զոհերի թվի մասին տեղեկությունը չի կարող համարվել գաղտնիք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով: Հիմա եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է, որ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել: Բայց ես պնդում եմ՝ զոհերի թիվը հրապարակելը պետական գաղտնիք չի պարունակում՝ համաձայն օրենքի:

Այստեղ մենք ունենք նաև կառավարության որոշում, որն իրավասություն է տալիս պաշտպանության նախարարությանը՝ պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, բայց բոլոր դեպքերում ՊՆ-ն և ցանկացած պետական մարմին, որոնք իրավասություն ունեն պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, պետք է առաջնորդվեն օրենքով և չեն կարող դուրս գալ դրանից: Ցանկանում եմ նշել նաև, որ նման վեճ նախկինում եղել է. 2009-ին հասարակական կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին տարվա զոհերի թվի մասին տեղեկություն ստանալու համար, նախարարությունը մերժել էր: Արդյունքում՝ սահմանադրական վեճ էր առաջացել, և ՍԴ-ն ևս այն որոշմանն էր հանգել, որ ՊՆ-ն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքը դասելու հարցում պետք է առաջնորդվի օրենքով»,- ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ, եթե տեղեկություն տիրապետողը չի տալիս տեղեկություն, որը գաղտնիք չի պարունակում, խախտում է կատարում, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Թերևս, մասնագիտական նման արձագանքներից հետո պաշտպանական գերատեսչությունում հասկացել են, որ պետք է հրաժարվել այս ձևակերպումից, և արդեն մեր հարցմանն ի պատասխան՝ չպատասխանելու այլ «լեզու» են որոշել ընտրել:

Սա՝ այն դեպքում, երբ տարբեր պաշտոնյաներ և ոչ պաշտոնյաներ ինչ-ինչ թվեր վաղուց հրապարակում են: Մասնավորապես, հունվարի 20-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող թվերին՝ հայտարարել էր.

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»:

Իսկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը վստահեցրել էր, որ այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, իսկ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին գրել էինք, որ վիրավորների ընդհանուր թիվը, ըստ 168.am-ին հասած տվյալների՝ 8300 է, անհետ կորածներինը և գերիներինը՝ 1600:

Սակայն երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  Արցախում ավելի քան 2300 մարդ անհետ կորածների հարցով դիմել է ռուսական կողմին:

Տեսանյութեր

Լրահոս