Արտյոմ Բաղդասարյանը նվաճեց Հայաստանի համար հերթական բրոնզը
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Արտյոմ Բաղդասարյանը, իր օգտին գրանցելով 4 հաղթանակ և 1 պարտություն, գրավեց 3-րդ մրցանակային տեղը՝ այսպիսով դառնալով Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր /2008թ երիտասարդներ 2 տեղ, 2010թ երիտասարդներ 1-ին տեղ, 2011թ Մ-23 տարեկաններ 2 տեղ/:
Առաջին գոտեմարտում Արտյոմը IPPON- ով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Տուրալ Սաֆգուլիևին, որից հետո հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, համառ պայքարում լրացուցիչ ժամանակում երրորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ստանիսլավ Սեմյոնովին, որից հետո հաջորդաբար հաղթեց Սլովենացի և Գերմանացի ձյուդոիստների և նվաճեց 2012 թվականի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը 81կգ քաշային կարգում:
Մրցումների երկրորդ օրվա հաշվարկով տղաների պայքարում ընդհանուր հաշվով Հայաստանը 4 մասնակցով հանգրվանել է 5-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի և Իտալիայի թիմերին: Մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 18-ին, Հայաստանը ներկայացուցիչ չունի, փոխանցում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը