Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն․ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան
Բաց նամակ ՀՀ դատախազությանը N2
Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։
Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։
Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ:
Պարզաբանեմ.
դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր:
Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում: Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:
Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է:
Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է:
Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ: Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ինչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է:
Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ոչ սա օրինաչափ է:
Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստահ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում:
Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ:
Սեյրան Օհանյան
Բաց նամակ ՀՀ դատախազությանը N2
Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան…
Posted by Seyran Ohanyan on Friday, January 15, 2021