Եթե անգամ վաղը բացվեն ճանապարհները, մենք այդ լուրջ ազդեցություններն ունենալու ենք շատ ավելի երկարաժամկետում. Տիգրան Ջրբաշյան
«Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նկատեց, որ տրանսպորտային ուղիների, կոմունիկացիաների հետ կապված խաղի կանոնների փոփոխությունը տնտեսության համար հանդիսանում է էքստերնալ շոկ՝ թե՛ մեր երկրի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, և թե՛ ՌԴ-ի.
«Այդ էքստերնալ շոկերի ազդեցության գնահատման համար գործում են բավականին լուրջ տնտեսագիտական մոդելավորման մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն նրա համար, որ մոդելավորեն, թե տնտեսությունն ինչպես կարձագանքի:
Ինչու եմ ինձ իրավունք վերապահում դա ասելու, որովհետև 2005 թվականին, երբ ես Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով խորհրդատվական կենտրոնի տնօրենի էի, մենք ստացանք նմանատիպ պատվեր՝ գնահատել Թուրքիայի սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար, և, հաշվի առնելով, որ ինքը շատ քաղաքական զգայուն հարց էր, մենք փորձեցինք կիրառել ամենաբարդ տնտեսագիտական էկոնոմետրիկ մոդելավորման մեթոդները:
2005 թ. ցուցանիշներով և իրավիճակով՝ մեզ մոտ ստացվում էր, որ հիմնական ազդեցությունը մեր տնտեսության վրա լինելու է տրանսպորտային ծախսերի նվազումը՝ ոչ միայն օգտագործելով թուրքական սահմանը, այլ նաև՝ օգտագործելով այդ ճանապարհը՝ ազդելով վրացական ճանապարհով փոխադրումների դեպքում այն պրեմիայի նվազման վրա, որն այսօր Վրաստանը ստանում է՝ օգտագործելով իր մոնոպոլ դիրքը:
Իհարկե, դա կապված էր նաև նրա հետ, որ մենք ստանում էինք հնարավորություն օգտագործել Միջերկրական ծովի նավահանգիստները, ինչպես նաև՝ Սև ծովի նավահանգիստը, որն իր ցուցանիշներով շատ ավելի խոր հնարավորություն էր տալիս նավեր սպասարկել՝ ի տարբերություն Փոթիի և Բաթումի:
Այդ ամբողջ ազդեցությունն այն ժամանակ գնահատվում էր, որ երեք տարիների ընթացքում մոտավորապես 1.5 տոկոս ՀՆԱ աճի հնարավորություն կստեղծի: Դա կապված է նրա հետ, որ բոլոր երկրների տնտեսությունները հարմարվում են այն խաղի կանոններին, որոնք տվյալ պահին գործում են, և մեր տնտեսությունն էլ է այդ հարմարումն իրականացրել. մենք հասկացել ենք, որ պետք է արտահանենք ապրանքներ, որոնց ցուցանիշը՝ գին, կշիռ համադրությունը, որոշակի մակարդակի վրա է, մենք ընդունել ենք, որ պետք է արտահանենք ապրանքներ, որոնք ունեն համեմատաբար բարձր ավելացված արժեք, և, փաստորեն, մեր տնտեսությունը, ինչպես նաև թուրքական, ադրբեջանական տնտեսությունը մի հարվածով փոփոխվող մեծություն չի՝ այն ունի բավական մեծ իներցիայի բաղադրիչ, և տնտեսությունը չի կարողանում շատ արագ փոխվել: Հետևաբար՝ կարծում եմ, որ կարճաժամկետում՝ անգամ, եթե վաղը բացվեն ճանապարհները, մենք այդ լուրջ ազդեցություններն ունենալու ենք շատ ավելի երկարաժամկետում, քան թե կարճաժամկետում, իսկ կարճաժամկետում դա լինելու է տրանսպորտային ծախսերի նվազման ֆենոմենը»,- նշեց Տիգրան Ջրբաշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում