Գագիկ Ջհանգիրյանի հետ ԼՀԿ-ի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն նրա թեկնածության հարցը լրացուցիչ դեռ քննարկելու են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։

Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ թե՛ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի, թե՛ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Խմբակցության անդամներն ինչ հարցեր ունեին, փորձեցին պարզաբանել, թե դատական համակարգի, թե անձնապես թեկնածուների մոտեցումների վերաբերյալ։ Կրկնեմ՝ բարձրաձայնել ենք բոլոր մեզ մտահոգող հարցերը, բնականաբար, խմբակցության ներսում կլինեն տարբեր անդամներ, ովքեր կունենան տարբեր մոտեցումներ նրա թեկնածության վերաբերյալ։ Այսօր խմբակցության ոչ բոլոր անդամներն էին ներկա հանդիպմանը, հետևաբար՝ այս հարցը դեռ լրացուցիչ կքննարկեն, թե ինչպես են նախապատրաստվելու և ինչ որոշում են կայացնելու Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության վերաբերյալ»,- ասաց Անի Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված խնդիրներին, որի դեպքում ԲԴԽ անդամի թեկնածու չի կարող առաջադրվել, Անի Սամսոնյանն ասաց, որ այդ խնդրին ևս անդրադարձել են, և Գ. Ջհանգիրյանը ներկայացրել է մի քանի հոդվածներ, որոնց դեպքում իր առաջադրումը խնդիրներ չի առաջացնում։

Ըստ պատգամավորի, հարցը քննարկել են նաև խմբակցության իրավաբան պատգամավորների հետ և հասկացել են, որ այդ ամենն ընդամենը մեկնաբանության հարց է։ Այսինքն՝ օրենքի կոշտ խախտում չկա, որի դեպքում կարող են ասել, որ Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել։

Անդրադառնալով Գ. Ջհանգիրյանի բարեվարքության մասին խոսակցություններին, Անի Սամսոնյանը փոխանցեց, որ այդ ամենը դեռ ուսումնասիրության կարիք ունի, հետևաբար՝ այս փուլում որևէ բան չեն հայտարարելու։

Տեսանյութեր

Լրահոս