«Նիկոլն ունի պլան. Նա իշխանության է եկել այն բանի համար, որ առաջ մղի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Այդ պլանն իրականացվում է և այսօր». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում անդրադարձել է երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցին:

Նախկին դեսպանն ուշադրություն է դարձրել այն բանին, որ ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն ասել է՝ ԱԱԾ-ն գիտեր, որ պատերազմ է լինելու, ու ժամանակին այդ մասին տեղյակ է պահել թե Նիկոլ Փաշինյանին, և թե Անվտանգության խորհրդին, նշել, որ պատերազմի սկզբից 3-4 օր անց ակնհայտ է դարձել, որ ռազմաճակատում իրավիճակը ծայրահեղ վատ է, և, որ վարչապետին այդ մասին տեղյակ են պահել թե Օնիկ Գասպարյանը, և թե Դավիթ Տոնոյանը, հավելել, որ եղել է պատերազմը դադարեցնելու կոնսենսուս, և ոչ ոք չի հասկացել, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, շեշտել, որ միայն կապիտուլյացիայի ստորագրումից հետո են իրենք իմացել, որ ռուսական կողմը հոկտեմբերի 20-ին խաղաղության առաջարկներ է արել հայկական կողմին, որից, սակայն, Փաշինյանը հրաժարվել է:

Միքայել Մինասյանը գրել է, որ անկախ իր վերաբերմունքից Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ՝ հարցազրույցը համարում է խորը, կարևոր և գրագետ:

«Սա արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ Մովսես Հակոբյանից և Օնիկ Գասպարյանից հետո, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: Պետք է հիշել ենթատեքստը: Հոկտեմբերի 20-ը պատերազմի մեջտեղն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին ստորագրված խաղաղությունը կլիներ պարտության, բայց ոչ կապիտուլյացիայի խաղաղություն»,- գրել է Միքայել Մինասյանը:

Նրա խոսքով՝ արդեն այսօր հայտնի է, որ բարձրաստիճան զինվորականները լիարժեքորեն տեղեկացրել են Փաշինյանին ռազմաճակատում իրավիճակի մասին, սակայն նա մտադրված՝ Անվտանգության խորհրդի անդամներից թաքցրել է խաղաղ կարգավորման առաջարկները, և առնվազն հոկտեմբերի 20-ի առաջարկները թաքցնելու մասով արդեն ամեն բան հայտնի է:

«Արդեն այսօր ակնհայտ է, որ Նիկոլը միանձնյա է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ պրոֆեսիոնալներն ասել են այն շարունակելու վտանգների մասին: Ամենակարևորը, որի մասին Միքայել Համբարձումյանը լռեց, մենք գիտենք, որ և հոկտեմբերի 20-ից առաջ, և հետո Նիկոլին առաջարկվել են պատերազմն ավարտելու սցենարներ, որոնք նույնպես մերժվել են»,- նշել է նախկին դեսպանը:

Ըստ նրա՝ վերոնշյալից եզրակացությունը հետևյալն է.

«1. Մենք ապրում ենք արևելյան բռնապետության զզվելի ձևաչափում. Սուլթանը թքած ուներ պրոֆեսիոնալների կարծիքի վրա: Եվ թող ձեզ չթվա, թե դա պատահականություն է: Դա մտադրված, մտածված ու պլանավորված տակտիկա է:

2. Նիկոլն ունի պլան. Նա իշխանության է եկել այն բանի համար, որ առաջ մղի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Այդ պլանն իրականացվում է և այսօր: Դրա կատարումը դադարեցված չէ: Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե ամեն ինչ ավարտվել է, սխալվում եք: Գործընթացը շարունակվում է»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս