Նիկոլ Փաշինյանի մոսկովյան տապալումը
Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություններն ավարտվեցին ադրբեջանական կողմի համար նպաստավոր, հայկական կողմի համար ոչ նպաստավոր արդյունքներով։
Համենայնդեպս, բանակցությունների ավարտին տեղի ունեցած կարճատև ասուլիսում Իլհամ Ալիևը հանդիպման մասին խոսեց միմիայն դրական նրբերանգներով՝ գոհունակություն հայտնելով ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լուծում չի ստացել հայկական կողմի համար ամենացավոտ՝ գերիների վերադարձի հարցը։
Նա, իհարկե, ևս գոհունակություն հայտնեց ստորագրված հայտարարության առնչությամբ՝ ասելով, որ դա էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական իրավիճակը։
Այդուհանդերձ, Փաշինյանը հստակորեն հայտարարեց՝ գերիների վերադարձի հարցը մնացել է չլուծված։ Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն իր ստորագրությունն է դրել հայտարարության տակ, որն անվերահորեն բավարարում է Իլհամ Ալիևին՝ առանց դրանից առաջ լուծելու, իր իսկ ձևակերպմամբ, ամենացավոտ հարցը հայկական կողմի համար։
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կատարել Ադրբեջանի պահանջները բավարարող հերթական քայլը՝ առանց Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ գերիների վերադարձի հարցի լուծման։
Այս հարցի միակ տրամաբանական պատասխանն այն է, որ Փաշինյանը ստորագրել է այդ հայտարարությունը, քանի որ չէր կարող չստորագրել։ Պուտինի ճնշմամբ, թե Ալիևի՝ կարևոր, բայց այս պահին երկրորդական հարց է։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից Երևան է վերադառնալու ձեռնունայն, քանի որ նրա մոսկովյան այցից Հայաստանում ու Արցախում ամենագլխավոր սպասելիքը գերիների վերադարձի խնդրի լուծումն է։
Ալիևը, փաստորեն, չի համաձայնել վերադարձնել հայ գերիներին, սակայն կարողացել է ստանալ Հայաստանի վարչապետի ստորագրությունն այն հայտարարության տակ, որից այդչափ գոհունակություն էր հայտնում ասուլիսի ընթացքում։
Այսպիսով, հայ գերիների հարցը կրկին մնում է առկախված։ Ըստ ամենայնի, Ադրբեջանն այն օգտագործում է՝ ստանալու համար իր շահերից բխող հերթական քայլը Հայաստանի կողմից՝ գուցե խոստանալով, որ գերիների վերադարձի հարցը կլուծվի ինչ-ինչ պահանջների կատարումից հետո միայն։ Նիկոլ Փաշինյանը գործնականում կատարում է այդ պահանջները։
Քաղաքական ու մարդկային բարոյականության կանոններով՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից չպետք է Երևան վերադառնար առանց գոնե գերիների վերադարձի հարցը լուծելու։ Բայց նա վերադառնալու է և, ըստ ամենայնի, գերիների վերադարձման խոստումներով նախապատրաստվելու է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը, որի ընթացքում կստորագրվի Ալիևին գոհունակություն պարգևող հերթական փաստաթուղթը։
Այսօր Մոսկվայում ստորագրված հայտարարությունն իշխանական քարոզչությունը ներկայացնելու է՝ որպես «տնտեսական հեղափոխությանն ուղղված մեծագույն քայլ», դրա նախանշաններն առկա էին Նիկոլ Փաշինյանի վախվորած հայտարարություններում։
Նույն քարոզչությունը փորձելու է հայ հասարակությանը համոզել Ադրբեջանի հետ հարաբերություններից ստացվելիք տնտեսական օգուտների մասին։ Այդ օգուտները գուցե և ստացվելու են՝ ի հաշիվ Արցախի, Հայաստանի՝ արդեն կորսված և դեռ կորսվելիք տարածքների ու դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների։
Կա վտանգ, որ հայ հասարակությունը կարող է ողջունել այդ սցենարը, ինչն էլ շահարկելու է Նիկոլ Փաշինյանը։ Մինչև Ալիևի հետ հաջորդ հանդիպում։
Արշավիր Իշխանյան