«Ադրբեջանը ցանկացած պահի մատերը ճտացնելով այդ ամենը կարող է կանգնեցնել. երաշխիք չկա, որ Հայաստանը դրանից ռեալ կօգտվի». Կարեն Վրթանեսյան

Մոսկվայում կայացավ Հաայստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, հանդիպման օրակարգը տնտեսական բնույթ ունի։

«Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»,-գրել էր Փաշինյանի խոսնակը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով հանդիպմանը և քննարկված օրակարգին՝ ասաց, որ մանիպուլյացիա է, երբ հայտարարվում է, թե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական, քանի որ տնտեսական կապեր հաստատում են երկրները, որոնց մոտ քաղաքական հարցերը, եթե ոչ բոլորը, գոնե հիմնականում լուծված են, այլ ոչ թե 30 տարի միմյանց հետ պատերազմի մեջ են։

«Հարցերը, որոնք վերաբերում են ճանապարհներին, բեռնափոխադրումներին և կումունիկացիաներին, միշտ էլ քաղաքական հարցեր են եղել։ Ինչ վերաբերում է Նախիջևանով Սյունիք մատակարարվող բեռներին, ապա խորհրդային ժամանակներում երկաթուղին անցնում էր Նախիջևանով և դուրս էր գալիս նաև Իրան՝ Ջուղայի հատված։ Ենթադրում եմ, որ այստեղ խոսվում է  այդ կապի վերականգնման մասին»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ այդ ճանապարհները բացելու համատեքստում իշխանությունը հաշվի չի առել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր այնպես, ինչպես հաշվի չի առնում տարբեր հարցեր, որոնք կապված են նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության հետ, որը թշնամին տարբեր կետերով արդեն խախտել է։

«Ենթադրենք՝ Հայաստանը սկսում է օգտվել դեպի Իրան կապից, ենթադրենք՝ բեռնափոխադրումները կանգնում են Սյունիքում և Նախիջևանով հասնում Իրան։ Ցանկացած պահի Ադրբեջանը, այսպես ասած, մատերը ճտացնելով՝ այդ ամենը կարող է կանգնեցնել, որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը դրանից ռեալ կօգտվի»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս