Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր կասկածները. Վազգեն Մանուկյան

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Այս մասին ասվում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թկենածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ:

Ներկայացնենք հայտարարության տեքստը ստորեւ.

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։

Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։

Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս