Բաժիններ՝

Հայաստանում վաճառվող ադրբեջանական արտադրության «Coca Cola»-ի հետքերով

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգեցին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության «Coca Cola» է վաճառվում: 168.am-ն այսօր եղել է Երևանի կենտրոնում գտնվող խանութում, պարզել, թե որտեղից են այն ձեռք բերել:

«Զամբյուղ» խանութի մենեջեր Գոհար Սիմոնյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչպես է ադրբեջանական արտադրության «Coca Cola»-ն հայտնվել իրենց խանութում:

«Նոր տարվա օրերին ապրանքը վերջացել էր, քանի որ այդ օրերին ֆիրմաները չեն աշխատում, չեն մատակարարում, դեկտեմբերի 30-31-ին մեր խանութի աշխատակիցըը գնացել է «Սուրմալու»՝ ապրանք բերելու: Գնել ենք 8 բլոկ «Coca Cola», յուրաքանչյուր բլոկում՝ 12 հատ…»,- ասաց խանութի մենեջերը:

Հարցին, թե ե՞րբ են նկատել, որ զովացուցիչ ըմպելիքն ադրբեջանական արտադրության է, մենեջերը պատասխանեց, որ իրենք էլ լրատվամիջոցներից են տեղեկացել, և, որ այդ ժամանակ ամբողջ ապրանքն արդեն վաճառված է եղել.

«Մենք էլ չենք նկատել, վաճառքի ենք դրել, հետո լուրերով ենք իմացել…»:

168.am-ը փորձեց կապ հաստատել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինության հետ, սակայն մեր տեղեկություններով՝ առևտրի կենտրոնը հունվարի 7-ից է աշխատելու, և մեր զանգերը մնացին անպատասխան:

Փորձեցինք կապ հաստատել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) լրատվական ծառայության հետ, սակայն մեր զանգերը կրկին անպատասխան մնացին:

168.am-ը հետևողական կլինի պարզելու, թե ինչպես և ում կոպիտ սխալի պատճառով է ադրբեջանական արտադրության զովացուցիչ ըմպելիքը հայտնվել Հայաստանում, և արդյո՞ք զովացուցիչ ըմպելիքը միակ ադրբեջանական արտադրանքն է հայկական շուկայում:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկարաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում, ապա ընդգծել.

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս