«100 տոկոս համամասնականը ճիշտ գաղափար է»
«Այս պահին ես չեմ տեսնում խորհրդարանական հանրապետության հնարավորություն՝ օբյեկտիվ տարբեր պատճառներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ի պատասխան 168.am-ի հարցին` ի՞նչ կարծիք ունեք մի քանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկի մասին, և արդյո՞ք ճիշտ է այդ հարցը բարձրացնել նախագահական ընտրություններից առաջ:
«Իշխանությունը մասնատված է նախագահի, վարչապետի միջև. 17 նախարարություն տրված է վարչապետին, մոտավորապես այդքան էլ նախագահն է նշանակում: Կա հարց ճշտելու` կա´մ նախագահը վարչապետի պաշտոնն է վերացնում՝ լրիվ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, կա´մ էլ՝ իսկապես կառավարությունը տալիս է վարչապետին: Այդ մասով ես խնդիրն ընդունում եմ, բայց ոչ այն առումով, որ Հանրապետությունը դարձնենք խորհրդարանական կառավարման հանրապետություն: Ես դա համարում եմ անտեղի, համենայնդեպս՝ այս պատմական շրջանում»:
Հ. Բագրատյանն անդրադարձավ նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցին` նշելով, որ այն ճիշտ գաղափար է. «Դա նաև մենք ենք ասել, դա այսօր ասում է ԲՀԿ-ն, ասում են նաև այլ կուսակցություններ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ ինքն այդ հարցը քննարկե՞լ է, ինչին ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց. «Քոչարյանի հետ ես չեմ հանդիպել, չեմ քննարկել: Մեր ասելուց հետո Քոչարյանը կարող է հայտարարել այդ մասին, հիմա ես ի՞նչ անեմ: Համամասնականը ճիշտ է: Ես միայն ցավում եմ, որ և´ առաջին նախագահը, և երկրորդը գալիս են այդ գաղափարին այժմ, այն դեպքում, երբ ժամանակին դա պետք է անեին»:
Ըստ Բագրատյանի` կառավարությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը մերժելու համար բերել է մի հակափաստարկ, թե համամասնական ընտրակարգի դեպքում ներկայացված չեն լինի շրջանները, բայց դրա հասարակ լուծումը կարող է լինել համամասնական ցուցակը, բայց ըստ մարզերի: «Սա է օպտիմալ ձևը Հայաստանի համար»,- ասաց նա: