«Սյունիք վարչապետի այցին ներկա են եղել 200-400 մարդ, որից 80-ը նրա անվտանգության աշխատակիցներն են եղել». Գևորգ Փարսյան

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակով,  բացի Պաշտպանության նախարարությունից ու որոշ դեպքերում՝ Ազգային անվտանգության ծառայությունից,  որևէ կառույց կամ պաշտոնատար անձ չի հետաքրքրվում։

«Որևէ դեպք չկա, որ իշխանության ներկայացուցիչները գան, թեկուզ Կապանում փորձեն հանդիպել բնակիչների հետ , բացատրական աշխատանքներ կատարեն կամ մասնակցեն GPS-ով կատարվող սահմանազատման աշխատանքներին։ Դեկտեմբերի սկզբից սկսած ինձ հետ կապ է պահում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատրյան Արմենը, փորձում է ինչ-որ բանով օգնել, բայց մեծ հաշվով մեր խնդիրների լուծման հետ կապված նա չի կարող որևէ բան անել, ի վիճակի չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Փարսյանը։

Ըստ համայնքի ղեկավարի, ստեղծված իրավիճակում պետք է ձևավորվի բանակցային լուրջ խումբ, որի արդյունքում կարող են արձանագրվել դրական արդյունքներ, սակայն այս պահին ո՛չ այդ լուրջ խումբն են տեսնում, ո՛չ բանակցությունները։

«Մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք, և այն անփոփոխ է, դա միանշանակ Կառավարության հրաժարականն է, մենք շատ խնդիրների լուծումն այդպես ենք տեսնում։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ այս իշխանությունն իրեն արդեն սպառել է, հեղինակություն չունի, հետևաբար՝ մեզ պետք է նոր իշխանություն՝ նոր վարչապետ, որը կարող է բանակցություններ վարել ու մեզ համար որոշակի դրական արդյունքներ ապահովել»,- հավելեց նա։

Անկուսակցական քաղաքապետը վստահեցնում է, որ Սյունիքի մարզպետի ու այլ պաշտոններ զբաղեցնող անձանց հետ երբեք խնդիրներ չի ունեցել, իր հիմնական կապը եղել է նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ, որը, Փարսյանի բնորոշմամբ՝ ադեկվատ մարդ է։

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի հրաժարականին, Գևորգ Փարսյանն ասաց, որ նախկին մարզպետն արդեն ասել է, թե ինչու թողեց պաշտոնը։

«Դե, նա չկարողացավ համակերպվել այս իրականության հետ, որովհետև սա դառը իրականություն է։ Կարծում եմ՝ փոփոխություններ կարող են լինել միայն ներկա իշխանությունների հրաժարականի պարագայում։ Եթե այս իշխանությունների հետ պետք է սպասենք փոփոխությունների,  ուրեմն՝ երկար ենք սպասելու։ Մեր նոր մարզպետը՝ Մելիքսեթ Պողոսյանը, նոր է նշանակվել, դեռ չենք հասցրել շատ շփվել, նա պատերազմի մասնակից է և պարկեշտ անձնավորություն։

Ընդհանուր առմամբ սյունեցին պայքարող տեսակ է, շուտ հանձնվողներից չէ, և ցանկացած վտանգի դեպքում  մեր պայքարը շարունակելու ենք»,- շեշտեց Կապան համայնքի ղեկավարը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, որը սկսվեց ու ավարտվեց միայն Սիսիանում, քանի որ բնակիչները նրան թույլ չտվեցին առաջ գնալ։

Քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի հետ կապված իրենց հույսերը չարդարացրեց։

«Սիսիան համայնքի ղեկավարն արդեն նշել է, որ վարչապետի այցին ներկա են եղել 200-400 մարդ, որից 80-ը նրա անվտանգության աշխատակիցներն են եղել։ Եթե 400 մարդու ներկայությունը համարում են դրական արձագանք, գնահատականները թող իրենք տան կամ ազգաբնակչությունը։ Ես չեմ բացառում, որ ցանկացած բնակավայրում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ կան, կարծում եմ՝ այսօրվա դրությամբ իրենք Սյունիքում մեծ մաս չեն կազմում»,- նշեց Գ. Փարսյանը։

Տեսանյութեր

Լրահոս