«Դուք Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, թուրքերն այնքան լիազորություն ունեն, ինչքան ունենք մենք, և հարց է՝ Դուք տեղ կհասնե՞ք, թե՞ չեք հասնի: Հենց Դուք». Առուշ Առուշանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խոսքով՝ իր, ինչպես նաև Քաջարանի համայնքապետի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները, ՔԿ հրավիրելը, ձերբակալելը քաղաքական հետապնդում է, ու այլ տարբերակ չկա:
Գորիսի համայնքապետի խոսքով՝ ինքը և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հոկտեմբերի 1-ից իրենց զինակից ընկերների հետ կռվել են Ջաբրաիլում, ապա տեղափոխվել են այլ դիրքեր:
«Մեր ժողովուրդը թասիբով կանգնել և կռվել են: Խոսվում է, որ նորմալ դիրքեր, բարձունքներ են եղել, ո՛չ, բավականին տարածքներ մեր պատմական հողերից մեր ձեռքում են եղել և մենք կարողացել ենք պահել, մեր սյունեցիները կարողացել են պահել: Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնած անձնավորությունը, մինչ օրս էլ պարզ չի, ՊՆ նախարարին հարց ենք ուղղում, ասում ենք՝ «ոնց տվիր էդ հողերը», չի կարողանում… պայմանագրում այդ կետերը նշված չէր: Որտեղ կանգնել էինք, պետք է էդտեղ էլ մնայինք: Բայց փաստացի ստացվեց այնպես, որ բռնեց, հողերը տվեց: Ու ոչ էլ տեղյակ ենք՝ ոնց տվեց: Մեկն ասում է՝ բանավոր խոսքում: Մի խոսքով, մինչև վերջ իր խոսքը չհիմնավորեց՝ բանավո՞ր է տվել, գրավո՞ր են տվել, ո՞նց եղավ, որ այս ամեն ինչը տվեց: Հիմա մեր խնդիրը մեր ազգաբնակչության անվտանգության հետ է կապված:
Հիմա ո՞նց եք պատկերացնում՝ մի մետր քայլեք և հանդիպեք թուրքին: Կամ այդ գյուղերում երեխաները․․․ ո՞նց պետք է մարդիկ երեխաներին պահեն, եթե մի քանի մետրի վրա թուրքն է: Ո՞նց պետք է թույլ չտան տնից դուրս գան, կամ ո՞նց պետք է գնան դպրոց:
Երևանում իրականությունը այլ է, ժողովուրդ: Դուք եկեք մի հատ մեր մոտ, տեսեք՝ ինչ է կատարվում: Եվ ամենավատ իրականությունը, որ կա՝ այս մարդկանց հետաքրքիր չի՝ այդ հողերը տվին, ոնց տվին, կամ առհասարակ վաղը ինչ է սպասվում: Այնպիսի տպավորություն է, որ իրենց մեկ է՝ կար, չկար, կլինի, թե չի լինի: Թե հիմա վաղն էլ կարող է առավոտը դուրս գա, որ Գորիսը տվեց, մի գյուղ տվեց բանավոր խոսքում: Կամ՝ երեկոյան բարձր տրամադրություն ունենա, ինչ-որ մարդկանց մեր պետությունից մի մաս նվեր տա: Սա է իրականությունը»,- ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը:
Վերջինս հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում կամավորները Որոտան գյուղից 26 կմ առաջ դիրք են պահել, իսկ հիմա դա մի օրում տրվել է թշնամուն:
«Հիմա դուք, օրինակ, Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, թուրքերը այնքան լիազորություն ունեն, ինչքան ունենք մենք: Դուք, օրինակ, Կապան գնալուց կհանդիպեք թուրքերին կանգնած, և հարց է՝ Դուք տեղ կհասնե՞ք, թե՞ չեք հասնի: Հենց Դուք: Հիմա ո՞նց պետք է այդ խնդիրը լուծվի:
Տեսնո՞ւմ եք՝ այս մարդը ոչ միայն քարտեզ չգիտի, ինձ թվում է՝ նրանց միջից նույնիսկ հայրենասերի մի բան չկա: Մեր քաղաքացու անվտանգության համար 1% նույնիսկ մտածելակերպ չունեն: Լավ, 26 կմ առաջ պահել են մարդիկ այդ պոստերը, մի՞թե դուք չեք կարողանում այդ բանակցությունների մեջ գոնե մի քանի կմ հատված թողեիք, մարդիկ անվտանգ գնային, գային: Կամ ինչի՞ համար ենք տալիս, երբ այդ հողերը մենք պահել ենք, և Ֆիզուլիի և Կուբաթլուի շրջանը այդ պայմանագրի մեջ որևիցե կետով ֆիքսված չէր: Պետք է մնայինք այնտեղ, որտեղ կանգնել էր պատերազմը»,- ասաց Գորիսի համայնքապետը:
Առուշ Առուշանյանի խոսքով՝ առաջին բանակային կորպուսի աշխատանքները Սյունիքի մարզի հատվածում ամեն ինչ արել են, բայց ինչ ունեին, ինչ պահել էին, իշխանությունը տվել է թշնամուն:
«Այս մարդիկ չեն ուզում աշխատեն: Սրանց մեկ է այս հողը: Այս մարդկանց մեկ է այս երկիրը»,- իշխանությունների մասին խոսելով՝ ասաց Առուշ Առուշանյանը:
Առուշ Առուշանյանը նաև խոսել է իր և ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հանդիպումից:
«Երբ ասացի՝ ո՞րն է երաշխիքը, որ Շուռնուխից երեխեն կարող է տնից դուրս գա, մի քանի մետրի վրա ընկնի թշնամու գոտի, ասաց՝ «խի դու կարա՞ս երաշխիք տաս», ասի՝ այո, ի տարբերություն քեզ՝ ոչ բարով նախարար, ես այդ երաշխիքը տվել եմ և մի քանի կմ առաջ մենք պահել ենք մեր դիրքերը, իսկ ի տարբերություն ինձ՝ դու և քո քաղաքական ղեկավարն այդ հողերը նվեր եք տվել թշնամուն»,- ասաց Գորիսի համայնքապետը՝ նշելով, որ հենց այս խոսքերն է բառացի ասել Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում