Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստան-Իրան գազամուղի առնչությամբ

Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց, թե ադրբեջանական կողմը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղի բերձորյան հատվածը։ Տարածված տեսանյութն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հրդեհ է առաջացել, սակայն որ հատվածում, ինչի հետևանքով, այնքան էլ պարզ չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ժամեր առաջ հերքել էր տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը: Նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, պնդելով՝ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ իրանական աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա այն մասին, որ ՀՀ-Իրան գազամուղն է պայթեցվել։ «Տեսանյութը տարածվել էր ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկից և կարծես պատկերում է Բերձորը, ինչպես ներկայացված էր։ Եվ հստակ չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Առավելապես թվում էր տեսանյութ՝ պատրաստված Հայաստանի դեմ։ Այս պահին չեմ կարող որևէ հստակ բան ասել»,- ասաց նա։

168․am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանատնից, թե արդյոք վնասվե՞լ է Իրան-Հայաստան գազամուղը կամ որևէ միջադե՞պ է տեղի ունեցել, մեզ ասացին, որ իրանական կողմը որևէ նման տեղեկատվություն չունի, և եթե հարցը վերաբերում է միջադեպի, որը տեղի է ունեցել Բերձորում, պետք է դիմել ՀՀ ՏԿԵ նախարարությանը։ 168am-ը կփորձի միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ։

Տեսանյութեր

Լրահոս