Ճապոնիայի նախարարների կաբինետում բացահայտել են մուտքի նոր սահմանափակումների մանրամասները
Ճապոնիան Մեծ Բրիտանիայից մուտքը դեկտեմբերի 24-ից փակել է և բացառություն կկազմեն Ճապոնիայի քաղաքացիներն ու Ճապոնիայում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները, բայց նաեւ նրանց համար մուտքի կանոնները ավելի խիստ կդառնան: Այդ մասին հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Մեր երկիրն ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով արգելել էր մուտքը մի շարք երկրներից, ներառյալ Մեծ Բրիտանիան, բացի բացառիկ դեպքերից: Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի մուտացիայի հայտնաբերման կապակցությամբ մենք խստացրել ենք դրա տարածումը կանխող միջոցները: Հոկտեմբերի 1-ից թույլատրվել է Մեծ Բրիտանիայից ժամանող օտարերկրացիների մուտքը Ճապոնիա՝ ընդունող կողմի երաշխիքի պայմանով, բայց դեկտեմբերի 24-ից այդ թույլտվությունը դադարեցվել է:
Ճապոնացիների եւ Ճապոնիայում ապրող օտարերկրացիների համար, որոնք կարճաժամկետ գործուղման համար այցելել են Մեծ Բրիտանիա եւ այլ երկրներ, սահմանվել են կարանտինի մեղմացումներ՝ Ճապոնիայում երաշխիքի առկայության պայմանով, բայց դեկտեմբերի 24-ից նրանք պարտավոր են անցնել 14-օրյա կարանտինի»,-ասել է Կատոն:
Նա նաեւ պարզաբանել է, որ այն բոլոր անձանց համար, ում թույլատրվել մուտք գործել Մեծ Բրիտանիայից Ճապոնիա, պարտադիր կդառնա կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը, որն արվել է մեկնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:
Գլխավոր քարտուղարը կրկնել է կառավարության խնդրանքը բնակչությանը՝ ձեռնպահ մնալ Բրիտանիա ուղեւորություններից:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում:
Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից:
Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: