«Թեև լքում եմ ՄԻՊ-ի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում». Արտակ Բեգլարյան
«ՀՀ նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու: Սրա մասին երկար եմ մտածել: Դժվար որոշում է եղել՝ արդյո՞ք այս շրջանում պետք է թողնեմ ՄԻՊ կարգավիճակը, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, հաշվի առնելով դրա կարևորությունը ու առկա կարիքը գործադիր իշխանությունում աշխատելու, կարծում եմ՝ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է, և իմ կարծիքով՝ գործադիր իշխանությունում ու հատկապես տվյալ պաշտոնում հիմա ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ կարգավիճակում: Դրա համար որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից իր հրաժարականի պատճառներին անդրադառնալով՝ ասել է Արտակ Բեգլարյանը՝ չնշելով, թե գործադիր իշխանությունում աշխատելու ինչ կոնկրետ առաջարկ է ստացել և կատարելու:
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ պատերազմի մեկնարկից՝ իրենց աշխատակազմը փաստահավաք լայնածավալ աշխատանք է կատարել, որոշ զեկույցներ արդեն հրապարակվել են, մի քանիսն ավարտման փուլում են.
«Ես, ընդհանուր առմամբ, փաստահավաք գործունեությունը համարում եմ ավարտին մոտեցող, թեև այլ ուղղություններով դեռևս փաստահավաք գոծունեության կարիք կա, կամ հավաքագրված տվյալների ամփոփման և զեկույցներով ներկայացնելու կարիք դեռևս կա, բայց ես համոզված եմ, որ ՄԻՊ աշխատակազմը, հետագայում նաև՝ հաջորդ ՄԻՊ-ի գլխավորությամբ, կշարունակեն այս աշխատանքները, իսկ ներսում առկա մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներով, բնականաբար, աշխատակազմը շարունակելու է զբաղվել, քանի որ մարտահրավերները, խնդիրները բավականին շատ են»:
Արտակ Բեգլարյանը հավելել է՝ իրեն ոչ մի բան չի խանգարելու գործադիր իշխանությունում ևս պատշաճ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պաշտպանությանը. «Ես թեև լքում եմ ՄԻՊ-ի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում»:
Հիշեցնենք՝ Արտակ Բեգլարյանը երեկ Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: