«Թուրքն այստեղ է, ես թուրքի՞ց վախենամ, թե՞ իրենից». Գորիսի փոխքաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին

Վաղ առավոտից սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք չգործի Սյունիք: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այստեղ են, ապա հավելեց, որ Փաշինյանն իզուր է գալիս Սյունիք, նրան չեն լսելու, նա Սյունիքում տեղ չունի.

«Կարող է գա գլխներովս անցնի. ի՞նչ պետք է անի, մաքսիմում պետք է ձերբակալի՞ վախկոտը, թող ձերբակալի, ուրիշ ի՞նչ պետք է անի: Թուրքն այստեղ է, ես թուրքից վախենա՞մ, թե՞ իրենից, ոչ թուրքից եմ վախենում, ոչ էլ իրենից: Ինքը, եթե այդքան ուժեղ է՝ թող դրսի հայհոյանքներին պատասխանի, ոչ թե գա մեզ ձերբակալի, քաղաքապետ ձերբակալի: Իր կալիբրը քաղաքապետ ձերբակալելու չի, իր կալիբրն արդեն ոչ մի բան է, զրոյական է արդեն, ինքը ցույց է տալիս, թե ով է. հաստատ Սյունիքը չունի նման վարչապետ: Մենք հավաքվել ենք իրեն ասելու, որ մենք քեզ ասելիք չունենք, հեռացի՛ր Սյունիքից ու թող մենք մեր կյանքով հանգիստ ապրենք, հասկանանք՝ ինչ ենք անելու, ոնց ենք պայքարելու թուրքի դեմ, որովհետև թուրքին բերել, հասցրել է մեր տուն»,- ընդգծեց Գորիսի փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ երկուշաբթի կայցելի Սյունիք.

«Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։

Իսկ երեկ երեկոյան էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում  էր կատարել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ կոչ անելով  վաղ առավոտյան հավաքվել Սյունիքի  դարպասների մոտ և արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ.

«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է…»:

Հիեցնենք նաև, որ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր առավոտյան բերման էր ենթարկվել քրեական գործի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտեին։

 

Տեսանյութեր

Լրահոս