Իշխանությունը հրատապ զորացրել է պատերազմի մասնակից ԱԱԾ-ի և ոստիկանության պահեստազորայիններին
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել մինչև դեկտեմբերի 25-ը սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմական գործողությունների մասնակից պահեստազորայինների զորացրում իրականացնելու մասին։
Կառավարությունը, սակայն, առաջնային է համարել, որ եռօրյա ժամկետում պետք է զորացրվեն Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ուստի, քանի որ որոշումն ընդունվել է դեկտեմբերի 10-ին, ուժային կառույցների աշխատակիցները, համապատասխան ընդունված որոշման, արդեն զորացրվել են, իսկ ոչ ուժայիները կզորացրվեն մինչև դեկտեմբերի 25-ը։
Կառավարության ընդունած որոշման մեջ նշված է, որ նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչի անհրաժեշտությունը. այդ դեպքում անհասկանալի է մնում, եթե նոյեմբերի 10-ից ստորագրված փաստաթղթով նման իրավիճակ է ստեղծվել, այդ դեպքում ինչո՞ւ երկրում չի հանվում ռազմական դրությունը։
Ռազմական դրությունը չհանելն անհասկանալի է մնում հատկապես, որ կառավարության ընդունած որոշմամբ այդ նույն ռազմական դրությամբ պայմանավորված մարդկանցից վերցված տրանսպորտային միջոցները վերադարձվում են, իսկ սա նշանակում է, որ այդ տրանսպորտային միջոցները ԶՈՒ ենթակայության տակ պահելու անհրաժեշտությունը ևս վերացվել է։
Ռազմական դրությունը երկրում պահելուն զուգահեռ՝ Կառավարությունը որոշել է իրականացնել նաև մասնակի զորահավաք. այն կանցկացվի մինչև դեկտեմբերի 25-ը, սակայն, թե քանի՞ ամիս տևողությամբ, ընդունված որոշման մեջ նշված չէ։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ երկրում ռազմական դրությունը հանելու նախաձեռնությամբ։
Այն ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ անհրաժեշտ է երկու շաբաթ ժամանակ, որպեսզի Կառավարությունը կարողանա ներկայացնել զորացրում իրականացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որից հետո նոր հնարավոր կլինի հանել ռազմական դրությունը։
Իշխանական պատգամավորներ էլ կային, որոնք պնդում էին, որ ռազմական դրությունը պետք է պահպանվի, քանի որ Ադբեջանում ևս այն պահպանվում է։
Հայտնի շքերթից մեկ օր անց ռազմական դրությունն Ադրբեջանում հանվեց, իսկ ՀՀ Կառավարությունն էլ ընդունեց այն որոշումը, որի բացակայությամբ էր պայմանավորում էր երկրում ռազմական դրության պահպանման անհրաժեշտությունը, հետևապես, եթե ռազմական դրության պահպանումը չունի քաղաքական բովանդակություն, ապա սպասվում է, որ Կառավարությունը վաղվա նիստում պետք է ընդունի ռազմական դրությունը հանելու մասին որոշում։