ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի վաղը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:

Այս ամենը կատարվել է խիստ հապճեպ. ոչ ամբաստանյալներն են իրենց վերջին խոսքն ասել, ոչ պաշտպանական կողմն է հանդես եկել պաշտպանական վերջին ճառով: Մինչ այդ, երբ դատավորը մերժել է գործով առանցքային վկաներին և տուժողներին դատարան հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունները, դահլիճում մթնոլորտը խիստ թեժացել է, ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանը և Սարգիս Գեւորգյանը հեռացվել են  դատարանի դահլիճից:

Ի նշան բողոքի դահլիճից հեռացել էր նաև Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը։ Փաստաբանի օրինակին հետևել են նաև մյուս ամբաստանյալները:

Եվ մինչ դահլիճում ներկաները «ամոթ» վանկարկումներով դատավորին մեղադրում էին կողմնակալ և անարդար վերաբերմունք ցուցաբերելու մեջ, մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն ընթերցել է իր մեղադրական ճառը` միջնորդելով մերժել ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքը, որը նրանք պահանջել էին բեկանել իրենց 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դատավորի` խորհրդակցական սենյակ անցնելուց հետո ներկաները բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ` դատավորին,քննիչին եւ դատախազին որակելով որպես «իշխանության կամակատարներ»:

Գործով փաստաբան Ստեփան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը խնդիր ուներ այսօր ավարտել այս դատաքննությունը և արագ վճիռ կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս