«Էսպես համառելով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կորցնում է իր համար հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը». Նաիրա Զոհրաբյան 

«Ամեն օր քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվելու են. Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ՝ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի շուրջ հանրային պահանջին՝ պատգամավորը նկատեց. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա: Նիկոլ Փաշինյանին, բացի հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներից, հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը: Իր հրաժարականի պահանջին միացել են ՀՀ մարզերի մոտ 200 համայնքներ և խոշոր քաղաքներ, նրանց թիվն ամեն օր ավելանալու է, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ մտավորականներ:

Հիմա՝ ես ուզում եմ հարց ուղղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է Ձեզ համար հանրային պահանջը:  Եթե այսօր նրա խմբակցության պատգամավորներից մեկը լկտիաբար ասում է՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն,  այսինքն՝ ի՞նչն է ժողովուրդը, էն, որ երեկ բերել էիք հրապարակ, որ Ջաբրայիլն ու Քարվաճառն իրարից չէ՞ր տարբերում, հա՞, որ ասում էր՝ ես կռվել եմ Քարվաճառի մայրաքաղաք Ջաբրայիլում, վա՜յ, կներեք, Ջաբրայիլի Քարվաճառո՞ւմ:  Իրե՞նք են ձեզ համար ժողովուրդ,  թե՞ ժողովուրդը ձեր ֆեյքանախրապաններն են, որ ամեն մեկի վրա հարյուրավոր ֆեյքեր եք դրել»:

168.am-ի դիտարկմանը, թե նախադեպ չի եղել, որ հոգևոր առաջնորդները պահանջեն վարչապետի և կամ նախագահի հրաժարական, և հարցադրումին, թե ինչո՞վ է պատգամավորը դա պայմանավորում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.

«Սա պայմանավորված է հոգևոր առաջնորդների մտահոգությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իր համառությամբ, իր փառասիրությամբ՝  ցանկանալով մնալ պատմության մեջ Սադամ Հուսեյնի հետ միասին երկրորդ գործիչը, ով խայտառակ կապիտուլյացիայից հետո, այդուհանդերձ, ամեն գնով փորձում է պաշտպանել իր աթոռը:

Դա պայմանավորված է նրանով, որ մեր հոգևոր առաջնորդները շատ լավ հասկանում են  իր մարդկային տեսակը,  այն լրջագույն մարտահրավերները՝ ինչի առաջ այսօր կանգնած են Արցախը և Հայաստանը, շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին՝ ամեն օր մեզ հեռացնում է մեր պետականությունից. այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության լինել-չլինելը:

Հասկանալով այդ, որ մենք կանգնած ենք իսկապես կարևորագույն վճռորոշ ճակատագրական որոշում կայացնելու շեմին, նման մտահոգությամբ հանդես է եկել:

Այո՛,  դա աննախադեպ է, բայց աննախադեպ է նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է նաև ամեն գնով աթոռին կառչելու՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը:

Տեսե՛ք, թե ինչ է կատարվում. հիմա մենք կմոտենանք Ազգային ժողովի՝  Բաղրամյան, այնուհետև՝ Դեմիրճյան մուտքին. ինչպե՞ս կարող է մարդ, ով ժողովրդի օվացիաների, ժողովրդի էմոցիաների, ժողովրդի սիրո վրա (ես պիտի ընդունեմ, որ այո) եկավ իշխանության, այսօր այդպես մի քանի հարյուր ոստիկաններով անջրպետ պատ դնի իր և ժողովրդի միջև:

Ես, անկեղծ ասած, իր մարդկային ողբերգությունը հասկանում եմ, ես հասկանում եմ, որ մարդկայնորեն դժվար է իր համար ընդունել, որ ինքը, որ վստահաբար ամեն շանս և հնարավորությունն ուներ պատմության մեջ մնալու՝ որպես իսկապես, ինչպես ինքը և իր համակիրները բնորոշում էին, ժողովրդական առաջնորդ, այսօր հեռանում է՝ որպես դավաճան:

Ես հասկանում եմ, որ դա ծանր է արձանագրելը, բայց դա փաստ է, որից Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, չի կարողանալու այլևս խուսանավել, դա այլևս պատմական փաստ է: Եվ  ինչքան ինքը համառի, այնքան ժամանակն աշխատելու է իր և իր այն փոքր մնացած թիմի դեմ»:

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով իշխանական շրջանակներից հնչող այն պնդումներին, թե հեղափոխության օրերին հարյուր-հազարավոր մարդիկ էին հրապարակում, իսկ այժմ՝ տասնյակ հազարներ են, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը հանրային պահանջ չի տեսնում և հրաժարական չի տալիս, նա արձագանքեց.

«Ես Ձեզ ասում եմ՝ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին. Եթե այստեղ երեք միլիոն մարդ լինի, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու:

Մենք պիտի հասկանանք, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի ծանր ճգնաժամի մեջ, իրենց ապաշնորհության մեջ Հայաստանը կորոնավիրուսի տեմպերով այսօր աշխարհում առաջատար է, մարդիկ հասկանում են, որ այստեղ նաև վտանգվելու է իրենց առողջությունը: Մենք ունենք հազարավոր ընտանիքներ, ովքեր սգում են իրենց որդիների մահը, հազարավոր ընտանիքներ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց որդիների դին:

Գիտեք, երբ որ ինձ զանգահարեց մայրերից մեկը, և ասեց, որ՝ լավ լուրեր ունեմ հայտնելու, ինձ մի պահ թվաց, թե ինքը գտել է որդուն, ասեց՝ ես գտա որդուս դիակը:  Հասկանո՞ւմ եք, երբ ծնողն ուրախանում է, որ գտել է իր որդու դիակը, որովհետև հազարավոր ծնողներ դա էլ չեն կարողանում գտնել:

Երեկ ես կապվեցի Ստեփանակերտում գտնվող զինվորների ծնողների հետ, մարդիկ արդեն հուսահատված են: Ասում է՝ հանդիպել ենք Արայիկ Հարությունյանին,  Հադրութի անտառներում արդեն ձյունը դրած է, մարդիկ չեն կարողանում այլևս հասկանալ՝ ի՞նչ է լինելու:

Այդ մարդիկ չգիտեն, ինչպես իրենք են մեկնաբանում, ոչ իշխանության կռիվ են տալիս, ոչ աթոռակռիվ են տալիս, բայց այդ մարդիկ ասում են՝ եթե կա հնարավորություն, որ այս մարդը հեռանա, և մենք ունենաք ադեկվատ բանակցող, որի հետ հաշվի են նստում միջազգային հանրությունը, որ կարողանանք այս խնդիրները լուծել, այս մարդը պիտի հեռանա»:

Պատգամավորը, սակայն, նկատեց, որ իրենք չեն դադարեցնելու հանրային ճնշումը, և ակնկալում է, որ վարչապետի շրջապատում կլինեն մարդիկ, որոնք նրան կհուշեն՝ ինչ անել.

«Ես կարծում եմ՝ իր շրջապատում, ի վերջո, կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնցից մի քանիսին ես ճանաչում եմ, որոնք ևս զարհուրած են Նիկոլ Փաշինյանի համառությունից, որոնք ևս հասկանում են, որ էսպես համառելով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կորցնում է իր համար հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը»:

«Ես չգիտեմ՝ ինքն ինչ է մտածում. ինքը մտածում է իր գավառական մանիպուլյացիաներով էլի մոլորեցնել մարդկանց, ինչ-որ մանիպուլյացիաներով ժամանակ ձգել և գնալ արտահերթ ընտրությունների և էլի կարողանալ իր մշտական սորոսական մանիպուլյացիա-գործիքներով՝ թալանը, նախկինները, վնգստացողները, բերելու եմ…. էդ իր մշտական մանիպուլյացիաներով, աուտոթրեյնինգով, մեդիտացիոն գործիքներով, որոնք հստակ մշակված սորոսական գործիքներ են, որոնք օգտագործվել և օգտագործվում են բոլոր գունավոր հեղափոխությունների ժամանակ… ինքը մտածում է, որ այս անգամ ևս կարողանալու է՝ գործադրելով՝ շահել ժողովրդի ինչ-որ հատվածի վստահության քվեն: Բայց ինքը չի հասկանում, որ սա այն դեպքը չէ։ Ինքը մեղադրվում է հայրենիք հանձնելու մեջ.  այստեղ չի կարող լինել որևէ գիծ, որից անդին հնարավոր է իր հետ որևէ համագործակցություն:

Եվ բոլոր նրանք, ովքեր հիմա ասում են, որ մենք սատարում ենք հող հանձնողին, իրենք բոլորը Նիկոլ Փաշինյանի հետ կիսում են Արցախը հանձնելու, 5000 զոհերի, ռազմագերիների և անհայտ կորածների ողբերգությունը և պատասխանատվությունը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս