Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։
Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։
Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։
ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տներում, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ։