Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը. fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և ՀՀ նախկին ու ներկա նախագահների հետ պատերազմը կանգնեցնելու շուրջ ունեցած քննարկումների մասին։

«Այդ ժամանակ կորսված էին Ջեբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը»,- գրառման մեջ հայտնել էր Փաշինյանը։

Այստեղ հատկանշական է, որ մինչ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 10-ը, պաշտոնապես այդպես էլ չհայտարարվեց Հադրութ քաղաքի կորուստի մասին։ Եվ հրապարակված բոլոր քարտեզներում Հադրութը չէր ներկայացվում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հոկտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատերազմի ընթացքում պաշտոնական տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ պնդելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաբում են։ «Մեկ Հադրութ են գրավում, մեկ չգիտեմ ինչ…»,- ասվում էր գրառման մեջ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց ռազմական գործողությունները պատկերող քարտեզ, որտեղ Հադրութ քաղաքը նշված չէր որպես ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ըստ քարտեզի՝ այդտեղ անգամ մարտեր չէին ընթանում։

Քարտեզում երևում էր, որ Հադրութ համայնքի մեջ մտնող Տյաք գյուղն է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ոչ Հադրութ քաղաքը։

Պատերազմի ավարտից առաջ ռազմական գործողությունները պատկերող քարտեզ վերջին անգամ ներկայացվեց Արծրուն Հովհաննիսյանի նոյեմբերի 3-ի ճեպազրույցի ժամանակ։ Այդ օրը ներկայացված քարտեզում ևս Հադրութ քաղաքը նշված չէր ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն հոկտեմբերի 19-21-ին իմանալով Հադրութ քաղաքի անկման մասին, հանրությունից թաքցրել է այդ փաստը։

Ավելին, թաքցվել է նաև Ֆիզուլի քաղաքի գրավումը Ադրբեջանի կողմից։ Նոյեմբերի 3-ին ներկայացված քարտեզում այն չի ընդգրկված հակառակորդի կողմից վերահսկվող տարածքների մեջ։ Քարտեզում Ֆիզուլի (Վարանդա) քաղաքի գտնվելու վայրը մեր կողմից է ավելացվել։

Հովհաննես Նազարեթյան
fip.am

 

Տեսանյութեր

Լրահոս