«Թեկուզ Շուշին ավերեն, հետո վերադառնանք՝ կառուցելու ենք ու ապրենք». շուշեցի կին

«Ես Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունն ապահովված չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպումից դուրս եկած շուշեցի կինը:

Նարինեի խոսքով՝ մինչև նոյեմբերի 2-ը Շուշիում է եղել, մինչև որ թշնամին օգտագործել է ոչ թույլատրելի զենք.

«Տղաներս այնտեղ էին, գիշերը զանգեցին, ասացին՝ մամ, դուրս արի, որովհետև արդեն վտանգավոր է, մենք էլ այդ պահին չենք կարող գալ քեզ օգնել»:

Հարցին, ինչո՞ւ եք ասում, որ Ստեփանակերտն անվտանգ չէ, չէ՞ որ բազմաթիվ արցախցիներ վերադարձել են. շուշեցի կինը պատասխանեց.

«Այնտեղ ռումբեր կան, որ չպայթած են, օրական մի հայտարարություն են տալիս, որ այսինչ դպրոցի մոտ այսպիսի ռումբ ենք գտել չպայթած, իմ մտահոգությունն այդտեղ է: Ես խորհուրդ կտամ բոլորին, որ մինչև չականազերծեն, մարդիկ չվերադառնան, որովհետև ես որպես ծնող՝ վախենում եմ: Այս պահին մեր բոլորի առաջնահերթ խնդրանքը կացարանների խնդիրն է»:

Տիկնոջ խոսքով՝ այս օրերին շուշեցիներ են եղել, որոնց տեղավորել են հյուրանոցներում, սակայն վերջերս տեղեկացրել են, որ  պետք է դուրս գան հյուրանոցներից, և այսօր այդ հարցն էլ են բարձրացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանը:

«Պարոն Ղազարյանն ասաց, որ ինքն էլ մտահոգություն ունի, և այդ նույն ընտանիքներին կացարաններով կապահովեն»,- ընդգծեց շուշեցի կինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ մեկ տասնյակ շուշեցիներ այսօր հանդիպել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ՝ քննարկելու իրենց կացարաններով ապահովելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս