Ընդդիմության միասնական թեկնածուի բաղադրատոմսը` ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի
Երեք օր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին` լրագրողներին խոստանալով, որ բոլոր հարցերին կպատասխանի նոյեմբերի 5-ին:
Երեկ լրագրողների հետ երկրորդ հանդիպմանը խոսելով իր առաջադրման մասին` Ր.Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է իր կյանքի երևի ամենակարևոր պայքարին, մենամարտ լինի, թե համապետական նշանակության հանգրվան:
«Քաղաքական առումով ինձ համար այս շրջանը ճակատագրական փուլ է, և եթե մենք այս ընթացքում զորաշարժի չենթարկենք քաղաքացիական հասարակությանը, սրտացավ կուսակցություններին, ուրեմն, կարծում եմ, որ Հայաստանը դեռ երկար ժամանակ այս էվոլյուցիայով կշարունակի: Մենք վերջապես պետք է ունենանք դե յուրե նախագահություն»,- ասաց նա: Ի դեպ, լրագրողներից մեկը նկատեց, որ պարոն Հովհաննիսյանի ասուլիսները նման են սերիալների, և հարցրեց` «ինչո՞ւ եք ամեն անգամ սերիաներով տալիս ասուլիսներ», ինչին ի պատասխան` Ր.Հովհաննիսյանն ասաց.
««Սերիաներով» ասելով` ի՞նչ նկատի ունեք: Կարծում եմ` առաջին անգամն էր` անցած ուրբաթ, որ այնքան եմ կարոտել ձեզ, որ ուզում էի երկու անգամ տեսնել մի շաբաթվա ընթացքում, և, առավելևս, որ հիմնական հարցին` նախագահական ընտրություններում իմ մասնակցության վերաբերյալ, և մնացած հարցերը թողեցի այսօրվա համար»: Ր.Հովհաննիսյանն անդրադարձավ նաև, այսպես կոչված, ընդդիմության միասնական թեկնածուի հարցին` տեղեկացնելով, որ ««Ժառանգությունը» կգումարի իր համագումարը դեկտեմբերի 15-ին, և այնտեղ որպես կուսակցություն` կորոշի, թե ի՞նչ է անելու նախագահական ընտրություններին` որպես կուսակցություն, և հույս ունեմ, որ կլինեն այլ թեկնածություններ, և մաս կկազմեն այս հավաքական թեկնածությանը»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց. «եթե այդ համախմբումը Ձեր թեկնածության շուրջ չլինի, Դուք պատրա՞ստ եք հանել Ձեր թեկնածությունը` մեկ այլ հավաքական թեկնածուի օգտին, թե՞ Դուք պատրաստվում եք մինչև վերջ գնալ»: Սրան ի պատասխան` Ր.Հովհաննիսյանն ասաց, որ չի հայցում որևէ մեկի սատարումն իր թեկնածության շուրջ. «Ես չեմ ընդունում այդ քերականությունը, այդ մոտեցումը: Ես ասում եմ` սա հավաքական թեկնածություն է, հաղթանակի դեպքում կծառայի մի շրջան, և այդ շրջանի ավարտին` ամենաշատը 5 տարի անց, կժառանգի մի այլ որակի Հայաստան: Եվ դա ես մենակ չեմ կարող անել. այդ հավաքական թեկնածությունն ինչ-որ ծածկագիր չէ` իմ շուրջը հավաքվելու համար, հավաքական թեկնածությունը հենց դա է` քաղաքացիական հասարակություն, սրտացավ քաղաքացիներ և մտավորականներ և կուսակցություններ»:
Միաժամանակ նա նշեց, որ որևէ մեկի հետ չի բանակցում իր թեկնածությանը սատարելու շուրջ, բայց վստահ է, որ խորհրդակցելու հնարավորություններ կլինեն, և վերջին 40 օրերի ընթացքում հանդիպել է գրեթե 100 քաղաքացիների, կուսակցական ղեկավարների, գործիչների, երիտասարդների հետ` իր նշած հավաքական թեկնածության հեռանկարները քննարկելու համար: Բնականաբար, լրագրողներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներսում հայտնի դեպքից հետո տեղի ունեցած պառակտմանը:
Հարցին` իրեն մտահոգո՞ւմ է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տիրող մթնոլորտը, Խաչատուր Քոքոբելյանի հարցը, և, որ բուն «Ժառանգությունից» մնացել է միայն Զարուհի Փոստանջյանը, Ր.Հովհաննիսյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, որ այդքան սրտացավ եք «Ժառանգության» վարկանիշի մասին: Ես լավ հիշում եմ` նախորդ գումարման ԱԺ-ում բոլոր քննադատական սլաքները «Ժառանգությանն» էին ուղղված, հիմա հետադարձ հայացքով «Dream team» (երազանքի թիմ.- Ա.Ս.) է դարձել: Փորձել ներքաղաքական նպատակների ծառայեցնելու համար համեմատություն անել վերջին գումարման խմբակցության և այս խմբակցության մի քանի ամիսների մեջ, կարծում եմ` սխալ է: Ես ասել եմ, որ այդ մի հարցով ես սխալվել եմ, բայց սխալ չէր միասին գնալ…»:
Այս համատեքստում Ր.Հովհաննիսյանը հիշեց նաև «Ժառանգության» միասնական ցուցակի այն տարբերակի մասին, ըստ որի` առաջին համարը պետք է լիներ Կարապետ Ռուբինյանը: «168 Ժամի» հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ այդ տարբերակը չհաստատվեց, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ «Ժառանգության» վերջին ցուցակում իրենք դիմել են բազմաթիվ կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, որպես ոչ կուսակցական, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, ում անունները չի ուզում տալ, բայց իրենք դիտարկել են շատ ավելի լայն մոտեցում, քան կար:
«Իսկ դա փաստարկելու համար մեր վերջին առաջարկն այն էր, որ, եթե ուզում ենք դուրս գալ նեղ կուսակցական մոտեցումից` «Ժառանգություն» կամ այլ կուսակցություն` կուսակցապետերի թվացյալ և անցողիկ, աթոռապաշտ մտածողությունից, մենք առաջարկեցինք «Նոր Հայաստան»` մի դաշինք, որտեղ Կարապետ Ռուբինյանն առաջին տեղում էր, հինգ տարի առաջ նույնն արեցինք Ռաֆայել Ղազարյանի օրինակով… մեզ համար կուսակցությունը, կուսակցապետը միայն միջոց են, և այդ վերջին առաջարկն արվեց մեր կողմից և մերժվեց մյուսների կողմից»,- ասաց նա: