Մեղրատու, բուժիչ ոզնենին

Բուժիչ նամակներ

Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ. աճում են միջին և բարձր լեռնային գոտիներում` անտառի բացատներում, մարգագետիններում, ճամփեզրերին և այլուր։ Բազմամյա բույսեր են։
Ոզնենի սովորականը (E.ritro) կարող է ունենալ մեկ կամ մի քանի ցողուններ։ Ցողունը պարզ է կամ վերին մասում թույլ ճյուղավորված, ծածկված բարակ սպիտակավուն սարդոստայնով, բարձրությունը 20-60 սմ է։

Տերևները նստադիր են, 6-20 սմ երկարավուն, գագաթում սրված, խորը կտրատված` փետրաձև, սրված ասեղանման եզրերով. վերևից մուգ կանաչ` մերկ, ներքևի կողմից պատված են սպիտակ խավով։

Ծաղիկները խողովակավոր են, վառ մուգ-երկնագույն` հավաքված 3,5-4,5 սմ տրամագիծ ունեցող գնդաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղը գլանաձև է, մինչև 0,6 սմ երկարությամբ, գագաթի վրա ունի թագակերպ ուրվագծով փոմփոլիկ, զարգանում է աննշմար մանր` անջատվող փշիկներով պատված փաթաթանի մեջ։ Ոզնենու տեսքը շատ գեղարվեստական է, հաճախ է օգտագործվում պարտեզներում` որպես զարդաբույս։ Գնդաձև ծաղիկները մթնշաղի մեջ փայլում են` ինչպես տոնածառի խաղալիքները, որոնք տատանվում են մեղմիկ զեփյուռից։

Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին։ Ծաղկահյութը մեծ քանակությամբ շաքարներ է պարունակում։ Ոզնենի սովորականով ծածկված 1 հա մարգագետնի մեղվատվությունը 340 կգ է։
Ոզնենի գնդակերպի` E.Sphaerocephalus տերևները բաժանված են նշտարաձև-եռանկյունի` սուր ծայրերով ատամիկների, տերևների վերևի երեսն անհարթ է` պատված կպչուն, խավապատ գեղձիկներով։ Այս տեսակի մեղրատվությունը հասնում է մինչև 500-700 կգ/ հա։

Որպես բուժիչ հումք` օգտագործում են սերմերը։ Մթերման ընթացքը բավականին աշխատատար է. ծաղիկները հավաքում են, չորացնում, կալսում, թեղը քամում։
Սերմը պարունակում է օրգանական միացություններ, այդ թվում` մինչև 28 տոկոս ճարպեր։ Ավանդական բժշկությունը վաղուց ի վեր կիրառում է բույսին բնորոշ էխինոպսին ալկալոիդը, որի դեղաբանական հատկությունները մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվել։

E. ritro տեսակի սերմը պարունակում է մինչև 1,5-2 տոկոս էխինոպսին։
Էխինոպսինի նիտրատը կիրառվել է տեսողական նյարդի ատրոֆիայի (ապաճման), անուժականության, ծայրանդամների կաթվածահարման, մկանների ապաճման, տարածված սկլերոզի, հիպոտոնիկ սինդրոմի դեպքում. այս դեղորայքը փոխարինվել է էխինոպսինի հիմքի վրա պատրաստվող նոր մշակված դեղորայքով։

Չի կարելի խախտել դեղատնային դեղորայքի բացատրական թղթում նշված չափաբաժինները. բույսը պարունակում է ոչ մեծ քանակությամբ թունավոր նյութեր։ Այդ մասին զգուշացրել է հռոմեական բանակի բժիշկ, ազգությամբ հույն Դիոսկորիդիսը։
Ոզնենու վերոգրյալ երկու տեսակներն էլ օգտագործվում են տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ. ռադիկուլիտի, սեռական թուլության, ընկնավորության, կարծրախտի (սկլերոզ) բուժման համար։

Սերմի պատրաստուկներն ունեն առույգացնող, սրտի աշխատանքը և արյան ճնշումը կարգավորող, մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնող հատկություն։
Վերջին տարիներին մեծացել է նաև բժիշկ ֆիտոթերապևտների հետաքրքրությունը բույսի հանդեպ.

Հիպոտոնիա. 2 ճ/գ մանրացրած սերմը 10 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ` նախաճաշից և ճաշից առաջ` 50 մլ ջրի հետ։
Հիպերտոնիայի հետևանքով առաջացած գլխացավ. 1 ճ/գ սերմը 3 ժամ թրմեք 300 մլ եռջրում։Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Զարկերակային ճնշումը կարգավորող. Զգուշորեն մաքրեք սերմերը, քանի որ դրանց վրա կարող են փշեր լինել։ 5-6 գրամ հումքին ավելացրեք 500 մլ 70 տոկոսանոց սպիրտ։ Թրմելու նվազագույն ժամկետը երեք շաբաթ է, որից հետո անհրաժեշտ է ոչ միայն քամել, այլև զտել ոգեթուրմը։
Հիպերտոնիայի դեպքում խմեք 20-ական կաթիլ` առավոտյան և երեկոյան, սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2 ամիս։

  •   Հիպոտոնիայի դեպքում խմեք 10-ական կաթիլ։
  •   Կաթվածի (պարալիչ), մկանների ապաճման դեպքում շփեք հիվանդ մասերը։

Տեսողական նյարդի ապաճման դեպքում` խմեք 10-20 կաթիլ, օրը 2 անգամ` նախաճաշից և ճաշից առաջ։

Նույն ոգեթուրմով շփեք ինսուլտի կամ մեխանիկական վնասվածքի հետևանքով կաթվածահարված ծայրանդամները։ Ինչպես պարզ դարձավ վերոգրյալից` ոգեթուրմը
20-ական կաթիլ խմելիս` իջեցնում է ճնշումը, իսկ 10-ական կաթիլը` բարձրացնում։
Ոզնենու պատրաստուկները պարունակում են ազդեցիկ, կենսաբանորեն ակտիվ նյութեր. դրանք պետք է խմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Անուժականության, ասթենիկ սինդրոմ. 1 թ/գ սերմը 15 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք, զտեք։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 2 անգամ, սնվելուց առաջ։

Եռաճյուղ նյարդի բորբոքում. Խառնեք 1 թ/գ ոզնենու սերմ, 3-ական թ/գ խնկածաղկի, դաղձի, պատրինջի խոտերը։ 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, ավելացրեք նույն քանակի սև բարդու կամ կաղամախու (դողդոջուն բարդի) 10-տոկոսանոց ոգեթուրմ։
Այս պատրաստուկն ունի ցավազրկող հատկություն, կիրառեք թրջոցի ձևով. օգտակար է նաև հոդացավերի, ռադիկուլիտի, ողնաշարի օստեոխոնդրոզի, մկանային թուլության դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս