Գայանե Աբրահամյանն այցելել է կառավարության մոտ հացադուլ անող գործիչներին
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության առջև հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականներ Գեղամ Մանուկյանին և Գագիկ Ավետիսյանին, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին: Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը սխալ է համարել պայքարի այս ձևը:
«Մենք ընկերներ ենք, ու ես չեմ կարող տեսնել, որ մարդիկ ծայրահեղ քայլերի են գնում: Մարդկանց առողջությունն ու կյանքն ինձ համար գերակա են: Ես այլևս պատգամավոր չեմ, այստեղ եմ՝ զուտ որպես ընկեր, որպես մտահոգ մարդ, ով կարծում է, որ քաղաքական պայքարի այս միջոցը սխալ է և ի հաշիվ առողջության է, հատկապես այս օրերին, բոլորս սարսափելի օրեր ենք ապրում, կարծում եմ՝ քաղաքական պայքարի այլ միջոց պետք է ընտրել»,- ասաց նախկին պատգամավորը:
Գեղամ Մանուկյանի պահանջների մասին Գայանե Աբրահամյանը չխոսեց: