«Բանակը չի կարա մասնակցի ներքաղաքական զարգացումներին, առանց էդ էլ բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են». Անդրանիկ Քոչարյան
«Ես սկսեմ ինձանից, Անդրանիկ, հանդարտ եղիր, որովհետև հանդարտությունը բոլորիս պետք է՝ հատկապես տիկին Զոհրաբյանի ելույթից հետո»,- այսպես ԱԺ-ում իր ելույթը սկսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Էնպիսի տպավորություն է, որ հրադադարի, պարտադրված հրադադարից հետո մենք ռազմական գործողությունները տեղափոխել ենք Հայաստանի տարածք, երբ որ մենք իրոք հսկայական անելիքներ ունենք թե՛ քաղաքական դաշտի ներդաշնակությունը կառուցելու, և մեր քաղաքական հարթակում մեր չլուծված խնդիրները լուծումը գտնելու: Դա պարտադիր պետք է լինի այդ հարթակի վրա: Մենք անընդհատ կարող ենք էսպես մեղադրել… էստեղ ես չեմ ուզում քննարկենք Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց մենք կունենանք ժամանակ քննարկել այն ճանապարհային քարտեզը, որով մենք պետք է հասնենք ներդաշնակման, որովհետև այս բարոյալքման պրոցեսի տակից միասին ենք դուրս գալու:
Եկեք արձանագրենք, որ մեր զինված ուժերը ստացել է այնպիսի հարված, որ մեր առջև ծագել ա առաջնահերթ խնդիր՝ փրկել փշրանքները զինված ուժերի, որովհետև առանց դրա մյուս մարտահրավերները, որոնք ես չգիտեմ՝ վաղն ա լինելու, մեկ տարի հետո, թե 2 տարի հետո, մենք պետք է արդեն պատրաստ լինենք, արդեն լրջորեն պատրաստ լինենք, ոչ թե ֆեյքային պատրաստ լինենք, ոչ թե իրական, այլ իրականում մենք պետք է մեր ամբողջ ներուժը, էստեղ ես լոկ բաներ չեմ ասում, Հայաստան-Արցախ-Սփյուռք, որովհետև էս պահին ունենք էն հրադադարը պարտադրված, որը մեզ, իրոք, հնարավորություն է տվել փրկել էդ փշրանքները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ առկա տեխնիկական հնարավորությունների հենքի վրա մեր զինված ուժերը նորովի, արագ ու ճիշտ կառուցելու խնդիր ունենք: Դա, ըստ Քոչարյանի, բոլորիս, նաև կուսակցությունների խնդիրն է, բայց դրա համար «պատերազմը պետք է դադարեցնել Հայաստանի տարածքում»:
Ապա իր ելույթում ԱՆդրանիկ Քոչարյանը պատմական ակնարկ կատարեց 1990-ականներ, երբ, Քոչարյանի խոսքով, չկար ո՛չ Լաչին, ո՛չ Շուշի, ո՛չ Ղարաբաղի մեծ մասը, ո՛չ զինված ուժեր չենք ունեցել:
«Բայց Վազգեն Սարգսյան ենք ունեցել, քաղաքական հանդուրժողականություն ենք ունեցել ինչ-որ պահի և նպատակ ենք ունեցել, որ Արցախը պետք է միանա Հայաստանին: Էդ բանակը ֆիդայական ջոկատներից վեր է ածվել կանոնավոր բանակի: Եկեք էս փշրանքները չդարձնենք ֆիդայական ջոկատներ: Ֆիդայական ջոկատները դատապարտված են պարտության:
Վերջը գալու ա մի պահ, որ մենք ազնիվ խոսելու ենք մեր պարտության պատճառների մասին: Եվ դա պետք է լինի ոչ միայն այստեղ, այլ Հայաստանի և Արցախի համապատասխան պատասխանատուների ներկայությամբ: Ես այդ ժամանակ գուցե այլ վերլուծությամբ հանդես կգամ և կասեմ, թե իրական բացթողումները, որը նաև մեր, հենց մեր իշխող կուսակցության, նաև մեր հանձնաժողովի, ես իմ մեղքի բաժինն էլ չեմ կարա դնեմ մի կողմ, ճիշտ ա՝ ես ասել եմ, խոսել եմ, տեղեկանքներ եմ ներկայացրել, մեր հանձնաժողովը՝ 16 թվականի ապրիլյան, հրաշալի աշխատանք ա տարել, և ես եկա երեկ թե առաջին օրը այն մտքին, որ էդ զեկույցը պետք ա հասանելի լինի բոլորին, որովհետև, ճիշտ ա ասում մեր ընկերը, գրանատամյոտով 16 թվականի ապրիլի 12-ին դու չես կարող ժամանակակից պատերազմների տրամաբանությունը չընկալելով՝ ունենալ էն բանակը, որը որ պետք է գոնե դիմակայեր ևս, չգիտեմ, 40 օր, մեր պահեստները պետք է լինեին այլ բովանդակության և այլ հզորության, ռազմական պահեստները, մոբիլիզացիոն պլանի մասին էլ… Բայց ժողովուրդը լավ սովորեց, ՄՈԲ, ՄՈԲ, ՄՈԲ-ը չփախավ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ելույթում Քոչարյանը սեպտեմբերի 27-ից սկսված արցախաադրբեջանական պատերազմի մի քանի դեպք ներկայացրեց: Ապա ասաց, թե Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում զինվորականներին լսելն իրենց օգնել է գուշակել հարվածի ուղղությունները, որից, իր խոսքով, դասեր չեն քաղել: Ըստ Քոչարյանի՝ ՊՆ-ն օր առաջ «պետք ա իր մեջքը դզի»:
Պատգամավորի խոսքով՝ այս պարտված իրավիճակում հաղթանակի գաղափար է անհրաժեշտ, որի շուրջ պետք է համախմբվել, սկսել քաղաքական կոնսուլտացիաներ, կազմել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզ:
Քոչարյանը ելույթում հիշեց հոկտեմբերի 27-ի դեպքերը ու ասաց, թե տպավորություն է ստացել, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարություն, ԱԺ և Կառավարական առանձնատների տարածք մտած մարդիկ ունեին հանձնարարական՝ գտնել առաջին դեմքերին և սպանել:
«Եկեք ֆորս-մաժորներից փախնենք, թողենք, որ պետական ինստիտուտներն ուշքի գան՝ հատկապես ուժային: Բոլորս անելիք ունենք, բոլորս: Ես էլի եմ ասում՝ հանդարտությունը, ես ինձ եմ ասում, և մենք բոլորս իրար հետ պետք է նստենք էդ ճանապարհային քարտեզը՝ քաղաքական առաջին հերթին, բայց մինչև քաղաքականը՝ մեր անվտանգային համակարգը պետք ա բերել պատշաճ մակարդակի:
Ոչ մի արյուն պետք ա չթափվի այսօր: Մենք մարտի 1 ենք տեսել: Բանակը չի կարա մասնակցի քաղաքական զարգացումներին, առանց էդ էլ բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են: Մեծ քանակությամբ զենք թափանցելու ա Հայաստան: Պետք ա ուժային կառույցները կարողանան լիկվիդացնել, ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, Զինվորական Ոստիկանությունը, որը մեծ ծավալի աշխատանք ա տանում իրենց բոլոր պոստերով սահմանին, բայց ծավալը էնքան շատ ա, որ իրանք թափանցելու են: Նույնիսկ կարող ա հնարավորությունները մեր բավարար չլինի, որպեսզի չեզոքացնենք: Մենք պետք ա իրար օգնենք, ապօրինի զենք ա կրակելու, իսկ ապօրինի զենքի հեռվից հրաման տվողներ, չկասկածեք, կան: Հայաստանի սահմանից դուրս են էդ բոլոր, ախպերությունը ընդեղ ա դիրքավորված, բայց իրանց զորքը չկար: Բա ո՞ւր կորան, երբ որ քաղաքական պահանջներով, միտինգները քաղաքական օրակարգում էր, տեսեք, էդ խմբավորումները չկային:
Ես, հանձինս ինձ, սպիտակ մազերով ունեմ, Իգիթյան, դու էլ ունես, եկեք էդ ճանապարհը փորձենք հանդարտ անցնենք: Պատերազմը Երևանից դուրս մենք պարտվել ենք, բայց Երևանի մեջ պիտի չպարտվենք»,- ելույթը եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում