«Իշխանություն ունեցողները պետք է հեռանան, բայց այնպես հեռանան, որ իրենց ստեղծած վակուումը լրացվի իրական մանդատ ունեցողներով»

Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնորդման վակուումը․

Երեխան երբ ընկնում է, անմիջապես աչքերով փնտրում է մորը ու երբ չի գտնում անօգնական բարձր լացում է` հրավիրելու համար մոր ուշադրությունը: Մայրը երեխայի առաջնորդն է: Յուրաքանչյուր երեխա իր մորը բնածին տալիս է մանդատ: Թեև օրենքն էլ է մայրերին տալիս երեխային ուղղություն տալու, օգնելու, պաշտպանելու, մի խոսքով առաջնորդելու առաջնահերթ մանդատ, սակայն մայրերն այն ունեն բնատուր:

Քաղաքական առաջնորդումը նույն կերպ է գործում: Իշխանությունը ստանում է մանդատ ընտրությունների միջոցով, որն ամրագրվում է օրենքի ու իրավունքի ուժով: Իշխանության մարտահրավերն է մինչև հաջորդ ընտրությունները պահել ոչ միայն օրենքի ուժով տրված մանդատը, այլ նաև ոչ ֆորմալը, բնատուրը:
Ակներև է, որ ոչ Փաշինյանը, ոչ իր կառավարությունը ու ոչ էլ իշխող խմբակցությունը չունեն Հայաստանի, կրկնում եմ Հայաստանի ընտրողների մի մեծ մասի ոչ ֆորմալ կամ բնատուր մանդատը: Այս փաստը նրանք ապացուցում են live-երով, հրահրող գրառումներով, քաղաքական ու հասարակական գործիչների ձերբակալություններով ու բերման ենթարկելով, ֆեյսբուքյան փոխհրաձգությամբ, ԱԺ-ից բացակայությամբ ու հանրության տարբեր հատվածների հետ երկխոսություն ունենալու փոխարեն իշխող խմբակցության անունից սոցիալական ցանցին հարիր ստատուս գրելով:

Այժմ, ոչ թե լոկ ընկած, այլ «խոցված ու զգետնված» երեխան աչքերով իր մորն է փնտրում ու գտնելու փոխարեն ստատուս է տեսնում: Մանդատը չկա: Տղեքն էլ չկան:
Առաջնորդման վակուումը: Սա է իրողությունը:

Քաղաքական պաշտոն զբաղեցնողները պետք է հեռանան, քանզի իրենց չունեցած մանդատը էլ ավելի է թուլացնելու մեզ բոլորիս: Հենց հիմա ակտիվ բանակցություններ վարելու, ծանր որոշումներ կայացնելու, շահագրգիռ կողմերին համոզելու, սպառնալու, բացատրելու, հիմնավորելու, հայ ազգին ոգեշնչելու, մոբիլիզացնելու, դիմադրողականությունը բարձրացնելու պահն է: Այդ ամենն անելու համար իրական մանդատ է պետք, իսկ իրենք չունեն:

Իշխանություն ունեցողները պետք է հեռանան, բայց այնպես հեռանան, որ իրենց ստեղծած վակուումը լրացվի իրական մանդատ ունեցողներով: Այ դա կլինի մեղքերի մի փոքր քավություն:
#հեռացեք #շանստվեք»։

Տեսանյութեր

Լրահոս