«Չենք հաշտվելու այն իրավիճակի հետ, որ Հայաստանն ու Արցախն ունենալու են կորուստներ. պայքարը շարունակելու ենք». Արա Հակոբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են քայլեր, իսկ դրանցից առաջինն ու կարևորն այն է, որ գործող վարչապետն ու նրա վարչակազմը պետք է գնան։
«Առանց այդ նախապայմանի հնարավոր չէ փոփոխություն մտցնել մեզ համար բախտորոշ իրավիճակում։ Բայց ինչի հետ ենք մենք կրկին առերեսվում, այն բանի, որ վարչակազմը կրկին փորձում է պառակտում մտցնել հասարակության մեջ և վախի մթնոլորտ ստեղծել։ Ինչպես արդեն ասվեց, մեր մի շարք գործընկերներ կալանավորված կամ ձերբակալվել են, բայց սա չի նշանակում, որ մենք ընկրկելու ենք։ Մենք չենք հաշտվելու այն իրավիճակի հետ, որ Հայաստանն ու Արցախն ունենալու են տարածքային, բարոյական, մարդկային կորուստներ։ Մեր պայքարը շարունակվելու է, այն ավելի զորեղ է լինելու, մենք հասնելու ենք իրավիճակի փոփոխության։ Մի վախեցեք, մասնակցեք այս պայքարին»,- նշեց Արա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Ազատության հրապարակում մեկնարկեց և ԱԺ շենքի մոտ երեկոյան ավարտվեց «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը, որից հետո ձերբակալվեցին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: