«Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարում փաստացի չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` ատասխանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարության մասին հարցին, որտեղ նա նշել էր, որ Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանի օգտին է աշխատում։

«Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈւ կամ անվտանգության համակարգի այս կամ այն սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիակական աջացությամբ, ղեկավարմամբ»,–ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց, թե չի կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, մեզ ծանր օրեր էլ չեն սպասվում, բայց մենք պատվով ենք դուրս եկել այս իրավիճակից` այն փոխված է:

«Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,-ընդգծեց նա` հավելելով, որ մարտերը շարունակվում են և’ Հադրութում, և’ հարակից գյուղերում:

ՊՆ ներկայացուցիչը շարունակեց, որ թշնամին փորձել է բոլոր հնարավոր ճանապարհներով հասնել Շուշի։

«Նրանց համար նախընտրելին միշտ եղել են ասֆալտապատ ճանապարհները, մայրուղիները։ Բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են։ Այդ ձորակները նրանց համար դժոխք են դառնալու»,- հայտարարեց Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ ադրբեջանական հասարակության համար սարսափելի կադրեր կան, որոնք կհրապարակվեն դեռ:

Ըստ Հովհաննիսյանի, վերջին երկու-երեք օրերին դեպի Շուշի թշնամու անդադար «ձգտումները» զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չեն։ Այսինքն, մարտավարական վաշտային խմբեր են, որոնց կազմում կան նաև դիվերսիոն խմբեր, վարձկաններ և այլն, բայց էլիտար ստորաբաժանումներ են։

«Նրանց տրված է որպես ուժեղացում համապատասխան զրահատեխնիկա՝ որպես կանոն թեթև և արագաշարժ: Լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են գիշեր, թե ցերեկ նույն ուժգնությամբ մարտ վարել: Նրանց աջակցում է հիմնականում հրետանին»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց` եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է, ապա հայոց հրետանին այսօր բառիս բուն իմաստով ադրբեջանական հրետանուն պարտության մատնեց։

Տեսանյութեր

Լրահոս