«Թուրքիայի վրա դեռ համընդհանուր ճնշումներ չեմ տեսնում՝ նրան զսպելու համար». Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ չնայած Թուրքիան Արցախում, տարածաշրջանում և Եվրոպայում իրականացնում է ահաբեկչություններ, այդուհանդերձ լուրջ քայլեր չեն իրականացվում այդ ահաբեկչության դեմն առնելու, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիային զսպելու համար։
«Ես դեռ չեմ տեսնում հնարավորություններ, որ կարող են ստեղծվել մեխանիզմներ՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու և նրան զսպելու համար։ Թուրքիայի վրա դեռ համընդհանուր ճնշումներ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետի բնորոշմամբ՝ գետերությունների դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ բխում է իրենց հարաբերություններից, հետևաբար՝ նրանք ոչ թե կաշկանդվում են Թուրքիային զսպելու հարցում, այլ յուրաքանչյուրն այդ երկրի հետ ունի իր շահերն ու հաշիվները։ Թերևս, սա է պատճառը, որ Թուրքիային հաջողվել է սողոսկել տարբեր պետությունների շահերի միջև և առաջ տանել այն ավանտյուրիստական ու վտանգավոր ծրագրերը, որոնք մշակվել են Էրդողանի կողմից և իրականացվում են։
«Ցավոք, այս ամենը փաստ է»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը։
Միևնույն ժամանակ, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Էրդողանն իր կառավարման, հատկապես՝ վերջին տարիներին ունի շատ հստակ ծրագրեր, որոնք աստիճանաբար իրականացնում է։
«Այդ ծրագրերը կարելի է շատ հակիրճ բնութագրել՝ որպես Օսմանյան կայսրության հզորության վերականգնում, որպես նոր Թուրքիայի կառուցում, որը պետք է լինի ավելի հզոր, քան ժամանակակից Թուրքիան է։ Տարածքային առումով, մենք տեսնում ենք, որ Էրդողանը փորձում է իրականացնել, այսպես ասած, ազգային ուխտի տարածքային ընկալումները Թուրքիայի վերաբերյալ, որոնք Աթաթուրքը չի իրականացրել։ Մասնավորապես՝ հիշենք Հյուսիսային Սիրիայի օկուպացիան Թուրքիայի կողմից, սա նշանակում է, որ նա սկսել է Թուրքիայի սահմանների ընդլայնումը մինչև ազգային ուխտի սահմաններ հասցնելը։ Այսինքն՝ սա որոշակի ծրագիր է, որն իրականացվում է Թուրքիայի կողմից Էրդողանի կառավարման վերջին տարիների ընթացքում։ Այս ծրագիրը նրանք համառորեն առաջ են տանում՝ հաշվի չնստելով այն բացասական մոտեցման հետ, որը կա աշխարհում»,- շեշտեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, երբ վերջինի զինված ուժերը հարվածներ են հասցնում խոշոր ահաբեկչական խմբավորումներին, չի կարող Արցախում կանգնեցնել Թուրքիայի վայրագ գործողությունները։
«Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը որոշակի տակտիկական դաշինք են ստեղծել Սիրիայում, չնայած այդ երկրների շահերը ռազմավարական առումով միմյանց հետ չեն համընկնում, սակայն տակտիկական առումով կարողացել են ստեղծել որոշակի ընդհանուր շահեր։ Դաշինքը, որը կա Սիրիայում, դեռևս գործում է, և այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, բխում է Սիրիայի զարգացումների տրամաբանությունից»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։