Պուտինը ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլում կարևորում է ռազմական գործողությունների դադարեցումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորման առաջին փուլում կարևորում է ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին ՌԴ նախագահն ասել է ներդրումային համաժողովի ընթացքում:
«Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստներ տալը, պետք է նստել բանակցությունների սեղանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևավորած առաջարկների հիման վրա, Մինսկի խմբի մյուս երկրների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, ներառյալ Թուրքիան ու այլ եվրոպական երկրներ, համատեղ աշխատանքի միջոցով գտնել կոնսենսուս և հետաքրքրությունների բալանս: Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից:
«Հակամարտությունն ինչի՞ց է սկսվել… էթնիկ բախումներից: Սկզբում Սումգայիթ քաղաքում` Ադրբեջանում, հետո՝ հենց Լեռնային Ղարաբաղում: Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը չի ձեռնարկել որևէ գործնական քայլ, որպեսզի ապահովի մարդկանց անվտանգությունը: Հայերը վերցրին զենք և իրենք արեցին դա: Դա բերեց նրան, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի 7 շրջանները հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ 7 շրջաններն էթնիկ հակամարտության հետ կապ չունեն:
«Ադրբեջանն ասում է` մենք ունենք իրավունք վերադարձնելու այդ տարածքները և հստակեցնելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այստեղ չկան հեշտ լուծումներ, որովհետև հանգույցն է շատ դժվար քանդել: Մենք ելնում էինք նրանից, որ պետք է խոսել Ադրբեջանին այդ 5+2 շրջանները տալու հնարավորության մասին` ապահովելով համապատասխան ռեժիմով փոխգործակցություն ԼՂ-ի ու Հայաստանի միջև, և այլն: Պետք գտնել հետաքրքրությունների բալանսը, որը ձեռնտու է երկու կողմերին էլ, ինչպես Ադրբեջանի ժողովրդին, այնպես էլ Հայաստանին: Իսկ առաջին փուլում պետք է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,- նշել է ՌԴ նախագահը: