Երեք հոգի դուրս եկան ու հարվածեցին մուրճերով․ Ֆրանսիայում հայերի բողոքի ակցիան ընդհատվեց
Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Բողոքի ակցիայի ժամանակ, ամենայն հավանականությամբ, թուրք կամ ադրբեջանցի ինչ-որ անձինք հանկարծակի հայտնվեցին այնտեղ՝ հարվածելով մեր հայրենակիցներին։
– Երեք թուրք դուրս եկան ու հարվածեցին մուրճերով,- ասաց ֆրանսահայերից Կարեն Կիրակոսյանը՝ հավելելով, որ, քանի որ խցանում էր, մեքենաներում փաստորեն եղել են թուրքեր, ովքեր իջել են՝ ձեռքներին մուրճեր, դանակներ։ -Հնարավոր է՝ նախապես տեղյակ են եղել ցույցի մասին ու հավաքվել են այստեղ։ Մոտավորապես 5 հոգի էին։
Մեր հայրենակիցները կարողացան բռնել թշնամիներից մի քանիսին ու արժանի պատասխան տալ։
Ավելի ուշ որոշեցին բացել ճանապարհը՝ խուսափելով հետագա բախումներից։ Կարեն Կիրակոսյանը նշեց, որ ոստիկանությունը կփորձի պարզել այդ անձանց ինքնությունը ու այն, թե որ ազգի ներկայացուցիչ էին։