«Այսօր անդամահատում են մեր ձեռքը, մեր ոտքը և արնահոսող մարմնով մեզ ասում՝ «նստեք բանակցային սեղանի շուրջ ձեր դահիճների հետ»»

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության դիմաց հավաքված արցախցի կանանց խոսքով՝ այս երեսուն օրերի ընթացքում ԵՄ-ն տապալել է իր քաղաքակրթական քննությունը:

«Դուք հաստատ այս գիշեր հանգիստ քնել եք Ձեր տաքուկ անկյունում՝ եվրոպական բարձր արժեքների գրկում: Մեզանից ոչ ոք աչք չի փակել՝ սպասելով հրադադարին, որն այս պահին էլ խախտվում է թշնամու կողմից:  Մենք մեկ ամիս շարունակ չենք քնում, կորցրել ենք քուն, տեղ, տուն, բնակավայրեր և, ամենաահավորը, անդառնալին՝ մեր հարազատներին, մեր որդիներին, հայրերին, ամուսիններին, մեր երեխաներին, մեր տարեցներին, որն այլևս անդառնալի է»,- ասաց արցախցի կանանցից մեկը՝ դիմելով ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինին:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Եվրոպան լռում է, ԵՄ-ն լռում է Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր գործողությունների ու սանձազերծած պատերազմի հարցում, ու արցախցիների հարցերն էլ մնում են անպատասխան:

«Մեր հարազատներն էլ հետ չեն գալու: Ես չեմ պատկերացնում, թե մեզանից յուրաքանչյուրը ոնց է սրանից հետո իր հայացքն ուղղելու դեպի ԵՄ: Ինչպես ենք մեր գերեզմաններին, սգալիս մեր վիշտը, դիվահար խենթության չափ ցասման մեջ պատասխանենր փնտրելու՝ ինչո՞ւ եք լուռ ու համր:

Այսօր անդամահատում են մեր ձեռքը, մեր ոտքը և արնահոսող մարմնով մեզ ասում՝ «նստեք բանակցային սեղանի շուրջ ձեր դահիճների հետ»: Մենք կեղծ բանակցային օրակարգ չենք ընդունում և ԵՄ-ից պահանջում ենք, որպեսզի Արցախի հարցը չդիտարկի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո»,- ասաց ակցիայի մասնակիցը:

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության անվտանգության աշխատակիցներն  ակցիայի մասնակիցներին խնդրեցին կոնտակտային հեռախոսահամարներ տրամադրել, որ փոխանցեն ներկայացուցչության անձնակազմին, սակայն մասնակիցները հայտնեցին, որ համաձայն չեն այդ տարբերակին, ոչ մի կոնտակտային տվյալ չեն տրամադրի և ներկայացուցչության շենքի դիմաց կսպասեն այնքան ժամանակ, մինչև Անդրեա Վիկտորինին կամ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մեկ այլ ներկայացուցիչ ընդունի իրենց:

Տեսանյութեր

Լրահոս