Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք քիչ առաջ համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը: Բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ Պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գրասենյակով՝ դա անելու համար»,- գրել է Թրամփը: