«Պատերազմը հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում է ենթադրում». ավագանու անդամը՝ Երևանի ենթակառուցվածքներն ավելի մատչելի դարձնելու մասին

Այսօր Երևանի ավագանու նիստում մտքերի փոխանակման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, որը հաշմանդամություն ունի, արձանագրեց, որ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանալու է, և պետք է պատրաստվել դրան:

«Պատերազմը հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում է ենթադրում: Սա փաստ է, իրականություն, որն ունենք: Մենք՝ որպես Հայաստանի ամենախոշոր համայնք, ապագայում բախվելու ենք այդ խնդրին, երբ մեր բնակչության մի ստվար հատված, երիտասարդության մի ստվար հատված ձեռք է բերելու հաշմանդամություն՝ մեզ պաշտպանելու ժամանակ: Կուզենայի, որ վերցնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոյի փորձը, երբ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հաշմանդամություն ձեռք բերեցին, բայց  աշխարհը չընկրկեց, և ստեղծվեցին նոր ինովացիաներ, տեխնիկական միջոցներ, տարբեր տեխնոլոգիաներ՝ այդ մարդկանց կենցաղն ապահովելու համար:
Կուզենայի, որ մենք որպես համայնք՝ ավելի ուշադիր լինենք մեր ենթակառուցվածքները, ապագայում սպասվող տրանսպորտային միջոցներն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու համար»,- ասաց Ասատրյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այն վերելակները, որոնք տեղադրվում են, ինչպես նաև 100 փոքր ավտոբուսները, որոնք ձեռք են բերվել,  հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Տեսանյութեր

Լրահոս