«Արտգործնախարարի այցը որոշ չափով պետք է հստակեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ». Դավիթ Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարելիք այցին և սպասվող ակնկալիքներին, ասաց.

«Առաջին ակնկալիքն այն է, որ արտգործնախարարի այցը որոշ չափով պետք է հստակեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, ԱՄՆ-ն նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և այդ հարցերը չեն կարող չքննարկվել, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Թուրքիայի պահվածքը և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ պահվածքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ այն ինչ արել է Թուրքիան, ինչ-որ տեղ ուղղված է նաև Միացյալ Նահանգների դեմ, նրա վարկանիշին է հարվածում Թուրքիայի քաղաքականությունը։ Տարբեր հարցեր պետք է քննարկվեն, բայց կարծում եմ՝ հիմնականում իմ նշած հարցերը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցին, որտեղ երկրի նախագահն ասել էր, որ Հայաստանը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը, որին Թուրքիան աջակցում է հակամարտությունում, չի գնա բանակցությունների ճանապարհով, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այդ հարցը պետք է համապարփակ ձևով քննարկվի։

«Մենք յուրաքանչյուր վայրկյան կարող ենք ճանաչել, այսինքն՝ պաշտոնական Երևանը ցանկացած պահի կարող է ճանաչել, խնդիրն այն է, որ դա պետք է լինի ճիշտ պահի։ Այո, այն, որ Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպանություն են իրականացնում՝ փաստ է, ուղղակի բոլոր տեսակետներից հարցը պետք է լավ վերլուծվի, որպեսզի խնդիրներ չստեղծի, հիմնական շեշտը պետք է դրվի միջազգային հանրության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վրա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս