Doing Business-ի հարցը՝ կառավարության նիստում
«Իհարկե, շատ կարևոր է, որ մենք 184 երկրների շարքում հայտնվել ենք 32-րդ տեղում, դա բավականին լուրջ առաջընթաց է մեզ համար։ Բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ այս ինդեքսը չափազանց կարևոր է, և բազմաթիվ երկրների ղեկավարներ այս ինդեքսը պահում են իրենց անձնական հսկողության տակ, որովհետև այն ամփոփ ձևով նկարագրում է բիզնես միջավայրը, թե այս կամ այն երկրում բիզնես սկսելու, բիզնեսով զբաղվելու համար ինչպիսի իրական իրավիճակ է ստեղծվել, և ոչ թե օրենսդրական-նորմատիվային, այլ իրական։
«Սա կարևոր հանգամանք է, որովհետև ինդեքսները տրվում են՝ հարցումներ իրականացնելով մասնավոր հատվածի շրջանակում, թե իրականում նորմատիվ ակտերը, որոնք մենք ընդունել ենք, կիրառվում են, թե ոչ։ Եվ այդ տեսակետից, իհարկե, կարևոր է, որ մենք ունենք առաջընթաց, բայց մեր խնդիրները հետևյալն են. առաջինը՝ ծառայությունները փոքր և միջին բիզնեսին, մասնավորապես՝ ջուր, գազամատակարարում, աղբահեռացում, էլեկտրաէներգիա, ինչ ծախս է նշանակում բիզնեսի համար։ Հիշում եք, որ անցած տարի Ռոբերտ Նազարյանը մեզ զեկուցեց, որ մենք էական փոփոխություններ կատարեցինք ծախսատարությունը կրճատելու համար և փաստացի այսօր արձանագրվեց, որ այդտեղ մենք էական աառաջընթաց ունեցանք, սակայն դեռևս 100-յակի մեջ չենք մտնում։ Սա նշանակում է, որ փոքր և միջին բիզնեսի համար այս բեռը պետք է թեթևացնենք։ Սա առաջին խնդիրն է։
Երկրորդ խնդիրը վերաբերվում է մաքսազերծման գործընթացին՝ արտաքին առևտրին, Հայաստանից ապրանքների արտահանումը մինչև առաջին նավահանգիստ բոլոր ծախսերին։ Այդ տեսակետից նույնպես մենք շատ խոցելի ենք, որովհետև փաստացի ուսումնասիրությունները, որ Համաշխարհային բանկը հրապարակում է, ցույց են տալիս, որ պահանջվող տեղեկանքների քանակով դեռևս զիջում ենք մեր հարևաններին։ Մասնավորապես, անհրաժեշտ է վերացնել տարբեր տիպի փաստաթղթերի պահանջը, որ դեռևս օրենսդրորեն կամ ոչ օրենսդրորեն պահանջում ենք, որովհետև նորմատիվային դաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերը չպետք է գերազանցեն հինգը, բայց հաշվետվության մեջ նշված է, որ ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում։ Սա պետք է վերացնենք։ Ծախսատարությունը, ապրանքը մինչև Փոթի հասցնելը շատ թանկ է և դա ոչ միայն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներսում ծախսատարությամբ, այլև Վրաստանի տարածքով ապրանքները մինչև Փոթի հասցնելու հետ։ Մեկ կոնտեյների համար դա կազմում է 1800 դոլարից ավելի, ինչը համեմատության մեջ էապես բարձրացնում է բիզնեսով զբաղվելու դժվարությունը։ Այս բնագավառում մենք էական անելիքներ ունենք։ Նիստի ընթացքում վարչապետը կրկին անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ հիշատակված 1800 ԱՄՆ դոլարից 300-350 դոլարը բրոքերների ծառայության գինն է։ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել, թե արդյոք միջազգային գների համեմատ այդ գինը խելամիտ է և կարելի է նվազեցնել այն։
Հաջորդ խնդիրը վերաբերվում է արդարադատության ոլորտին։ Բիզնեսի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական վեճերը տևում են մեկ տարուց ավելի։ Սա շատ ցածր ցուցանիշ է։ Այստեղ, պարոն նախարար, պետք է առաջարկություններ ներկայացնեք՝ ինչպես կարող ենք իրավիճակը շտկել։ Ընդ որում, այդ դատական վեճերը կարող են լինել նաև բիզնեսի միջև։ Երկու մասնավորը եթե միմյանց հետ վիճում են, դատական վեճի ծախսատարությունը և դատական վեճի ժամկետները բարձր են։ Ցավոք, այստեղ բավականին հետ ենք։
Այն, որ հասարակությունը մեզնից պահանջում է, որ ավելի խորացնենք բարեփոխումները, կարծում եմ այդ տեսակետից խիստ արդարացված է։
Պարոն Դավթյան, այսօր կառավարության նիստից հետո առաջարկում եմ Ձեզ ևս մեկ անգամ հանդիպել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին և ներկայացնել Doing business-ի և առաջընթացը, և այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև։
Ուզում եմ տեղյակ պահել, որ այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք, արդյունք են տալիս ոչ անմիջապես։ Առնվազն 1-2 տարի տարի տևում է, որպեսզի իրական կյանքում այդ բարեփոխումների արդյունքները տեսանելի լինեն, որից հետո նոր Doing business-ի ինդեքսում արտացոլվում են։ Էկոնոմիկայի նախարարությունը զեկուցում է, որ բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականացրել ենք, դեռևս այս հաշվետվության մեջ արտահայտված չեն։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի ևս առաջընթաց կունենանք, բայց մեզ համար անհրաժեշտ է, որ հանրապետության նախագահի կողմից մեր առջև դրված խնդիրը կարողանանք իրականացնել։ Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի մտնել առաջին քսանյակի մեջ, եթե ոչ տասնյակի։ Իսկ դա նշանակում է, որ իմ կողմից թվարկված ոլորտներում արմատական փոփոխություններ պետք է իրականացնենք, և ցանկալի է հնարավորինս շուտ։
Հանձնարարվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Արդարադատության նախարարությանը մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել Doing business-ի միջոցառումների նոր ծրագիր, որոնք հաշվի կառնեն իմ կողմից թվարկված ոլորտներում էական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Եվ վերջին հանձնարարականը, հարգելի գործընկերներ։ Մենք Ազգային Ժողովում հաշվետվություն ներկայացրեցինք պետական բյուջեի կատարման վերաբերյալ։ Անհրաժեշտ է, որպեսզի այսուհետ նախարարները բյուջետային քննարկումների ժամանակ անդրադառնան ոչ միայն ֆինանսական միջոցների ծրագրային ցուցանիշներին, այլև այն բարեփոխումներին, որոնք մենք իրականացնում ենք, ինչպես նաև գերակա խնդիրներին, առաջնահերթություններին, որոնք դրվում են նախարարությունների առջև։ Խնդրում եմ ձեզ այդ քննարկումների ժամանակ պատրաստ լինել և ներկայացնել ձեր ոլորտների գերակա խնդիրները, որոնք դուք պետք է լուծեք 2013 թվականին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։։