«Մեզ համար աշխատանքի նախապայմանը մարդասիրական գործողության կամ աջակցության ընթացքում լիարժեք հրդադարի պահպանումն է». Զառա Ամատունի

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am հետ զրույցում ասաց, որ «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեն պատրաստակամ է և պատրաստ է գործելու միայն մեկ պայմանով, որպեսզի ամբողջությամբ պահպանվի շփման գծի երկու կողմում մարդասիրական հրադադար, որի մասին հայտարարավել էր։

«Եթե մարդասիրական հրադադարը պահպանվի գործողության սկզբից մինչև վերջ և լինեն անվտանգության երաշխիքներ․ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն դա միայն կողջունի, որի պարագայում էլ պատրաստ է գործելու։ Ընթացիկ երկու կողմերից էլ կարդում ենք հաղորդագրություններ՝ կապված մարտական գործողությունների հետ, որը թույլ չի տալիս ինչ-որ գործողությունների անցնելու, թեև մենք կապի մեջ ենք ներգրավված կողմերի իշխանությունների հետ, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել։ Սակայն միևնույն է՝ մեզ համար աշխատանքի նախապայմանը մարդասիրական գործողության կամ աջակցության ընթացքում լիարժեք հրդադարի պահպանումն է»,- նշեց Զ. Ամատունին։

Հարցին՝ այս պահին հստա՞կ է, թե ռազմական գործողությունների վայրում «Կարմիր խաչը» որքան ժամանակով է իրականացնելու մարդասիրական գործողությունները, Զառա Ամատունին պատասխանեց, որ այս պահին գործողությունների տևողության մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ մանրամասները պետք է հստակեցվեն,  ընդհանուր գործողությունների ծավալը՝ ևս։

«Սա հիմնականում իշխանությունների ձեռքերում է, այսպես ասած՝ այդ գործողությունների շրջանակը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ տեխնիկական աջակցությամբ՝ կապի, լոգիստիկայի տրամադրումը՝ լինելով տեղում, աջակցելով կողմերին։ Սակայն տևողության հետ կապված հարցերն իշխանության որոշելիքն է»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս