Բաժիններ՝

Չարաշահումներ ջրօգտագործողների ընկերություններում

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:

• Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր և ջրաչափական սարքեր, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

• Վերը նշված բոլոր ընկերությունները դեբիտորական պարտքերի դուրսգրումներն իրականացրել են կամայական սկզբունքով` առանց հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման և իրավական հիմքերի: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաև մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների և անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս:

«Մասիս», «Մուսալեռ», «Աշտարակ» և «Նաիրի» ՋՕԸ-ների կողմից 2010թ. համեմատ 2011-ին և 2012-ի անցած ժամանակահատվածում ջրօգտագործողներին հատկացված ջրի և հաշվարկված անդամավճարների հավաքագրման մակարդակը նվազեցնելը հանգեցրել է նախորդ տարիների համեմատությամբ դեբիտորական պարտքերի աճի: Միաժամանակ, ընկերություններն իրենց դեբիտորական պարտքը և ստացած հասույթը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի և հասույթի գումարներից պակաս են ներկայացրել՝ կրկին մի քանի միլիոն դրամով:

• Օրինակ, «Մասիս» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 3 մլն 288 հազով դրամով, իսկ հաշվեգրված հասույթի գումարը տեղեկատվական բազայում ներկայացված հասույթի գումարից պակաս է ներկայացվել 2 մլն 638 հազար դրամով: Ընկերությունում հաշվապահորեն դուրս է գրվել 18 մլն 353 հազ. դրամի դեբիտորական պարտք, որը տեղեկատվական համակարգչային բազայում չի արտացոլվել: 2011թ. տարեկան արդյունքներով տեղեկատվական համակարգչային բազայում առկա դեբիտորական պարտքերի գումարներից անհիմն կարգով կատարվել է 24 մլն 258 հազ. դրամի նվազեցումներ: Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ 2011թ. արդյունքներով հաշվապահական հաշվառմամբ դուրսգրումներ առկա չեն եղել:

• «Մուսալեռ» ընկերությունում պակաս պարտավորություն է ձևակերպվել 9 մլն 579 հազար դրամ, «Աշտարակ»-ում՝ 2012 թվականի առաջին կիսամյակում 17 մլն 360 հազար դրամ:

•«Նաիրի» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարները տեղեկատվական բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 1 մլն 864 հազար դրամով: Այդ ընկերությունում դեբիտորական պարտքի մնացորդը 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 600 հազ. դրամ, իսկ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` 20 մլն 535.1 հազ. դրամ: Արդյունքում 2012թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքերի մնացորդը տեղեկատվական բազայում արտացոլվածի համեմատությամբ ավելի է ներկայացվել 5 մլն 541 հազար դրամով:

ՀՀ վարչապետին զեկուցվել է նաև, որ ստուգված բոլոր ՋՕԸ-երի կողմից վարվող ջրբաշխիչ մատյաններում և տեղեկատվական բազաներում արտացոլված ջրտուքի տվյալների միջև առկա են եղել անհամապատասխանություններ:

• 2011թ.-ին «Մուսալեռ» և «Նաիրի» ՋՕԸ-երում, առանց համապատասխան հանձնման-ընդունման ակտերի առկայության, համապատասխանաբար, 19 մլն 509 հազար և 222 մլն 283 հազար դրամ, մուտքագրվել են` որպես հիմնական միջոցներ և ձևակերպվել որպես ակտիվներին վերաբերող շնորհ: Նշված ձևակերպումները կատարելիս գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվել և նոտարական վավերացում չեն ստացել, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել համապատասխան պետական գրանցում:

• Միաժամանակ, «Նաիրի» ՋՕԸ-ի կողմից շահագործված 28 մլն 294 հազար դրամի հիմնական միջոցներն ընկերությունում համապատասխան հաշվապահական ձևակերպում ևս չեն ստացել:

• Վերը նշված ընկերություններում արձանագրվել են նաև ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի բացակայություն, ինչպես նաև ձեռք բերված վառելիքի ծախսերն իրականում եղածից ավելին ներկայացնելու փաստեր:

• Ստուգված բոլոր ընկերությունները պետական դրամաշնորհի հաշվին նախագծային և շինարարական աշխատանքները կազմակերպելիս չեն առաջնորդվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով:

• «Մասիս», «Մուսալեռ» և «Աշտարակ» ՋՕԸ-ների կողմից նախատեսված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել համապատասխան նախագծային փաստաթղթեր և աշխատանքի գինը որոշող նախահաշիվներ:

• «Մասիս» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների ստուգմամբ պարզվել է, որ չկատարված շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 824 հազար դրամ: Նշված գումարներից ենթակա է վերականգնման 11 մլն 81 հազար դրամը: «Մուսալեռ» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների գծով թույլ տրված հավելագրման ծավալը կազմում է 600 հազար դրամ:

Կառաավարության հրապարակած տեղեկություններով՝ այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան մարմիններին բացահայտված դեպքերի արդյունքում բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս