Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում ԼՂ հիմնախնդիրը իր օգտին լուծելու համար. Աշոտ Ղուլյան
Հակառակորդը ոչ միայն դասեր չի քաղել անցած պատերազմներից, այլ նաև բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պատրաստվել էր հերթական ամենաանմարդկային գործողություններին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Բոլոր նշանները արդեն առկա են, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել էր լայնամասշտաբ պատերազմական գործողություններին»,- ասաց Ղուլյանը:
Ղուլյանի խոսքով` Ադրբեջանը, իր ուժերին վստահ չլինելով, արդեն սկսել է ապավինել և Թուրքիայի, և միջազգային ահաբեկչական խմբերի աջակցությանը:
«Փաստորեն այսօր ունենք մի մեծածավալ ռազմական թատերաբեմ, որը ամեն րոպե պատրաստ է նաև վերածվել ոչ թե տարածաշրջանային, այլ ավելի մեծ հակամարտության»,- նշեց Ղուլյանը:
Արցախի ազգային ժողովի նախկին նախագահի կարծիքով` միջազգային ահաբեկչական խմբավորումների ուժերին ապավինելով Ադրբեջանը ցույց է տալիս՝ իր վերջին ճիգերն է գործադրում Ղարաբաղյան հիմնախնդիրը իր օգտին լուծել փորձելու համար:
«Վստահ եմ, որ դա չի հաջողվելու, որովհետև այն ինչ, որ մենք այս օրերին տեսնում ենք, ամեն ինչ ապացուցում է, որ Արցախի շուրջ համախմբվել է ոչ միայն ամբողջ հայությունը, այսօր Արցախի շուրջ համախմբված են նաև գրեթե բոլոր երկրները կամ կառույցները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը»,- եզրափակեց Ղուլյանը: