«Թուրքիան պարզապես իր շահերն է փորձում լուծել.  Ադրբեջանի ո՛չ շահերը, ո՛չ զոհերը չեն հետաքրքրում նրան». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ պետք չէ շատ բան սպասել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից:

«Չնայած նրան, որ այս հեռախոսազրույցից հետո ռուսական կողմի հաղորդագրությունից տպավորություն էր ստեղծվում, թե կողմերի միջև առնվազն կան որոշակի պայմանավորվածություններ և ընդհանուր ընկալում, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, սակայն դրան հետևեց թուրքական կողմի մի նոր հայտարարություն այս հեռախոսազրույցի վերաբերյալ, որտեղ արդեն նշվում էր, որ հրադադարի հաստատումն անիմաստ է, քանի դեռ տարածքներից հայերը դուրս չեն եկել, որովհետև հետո, միևնույն է՝ նորից ռազմական գործողություններ կլինեն, և այլն: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան մնում է իր դիրքորոշմանը և որևէ կերպ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել հրադադարի վերականգնման ուղղությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աննա Կարապետյանի խոսքով՝ Թուրքիան որևէ ուղիղ դերակատարում չպետք է ունենար, և անբնական է, երբ այսօր խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են պայմանավորվել, որպեսզի հրադադար հաստատվի. «Մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանը դադարել է սուբյեկտ լինել այս գործընթացում և պարզապես գործիք է դարձել Թուրքիայի ձեռքում, որն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ինչ-որ հարցեր է փորձում լուծել: Ադրբեջանի ո՛չ շահերը, ո՛չ զոհերը չեն հետաքրքրում Թուրքիային, նա պարզապես իր շահերն է փորձում լուծել»:

Նա ընդգծեց՝ օրինակները շատ են, երբ Թուրքիան իր քայլերի համար անպատիժ է մնում, և Թուրքիայի մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրեն ամեն ինչ թույլատրելի է, կարող է անել ինչ կցանկանա, և միջազգային արձագանքը չի լինի կոշտ. «Նաև միջազգային հանրության թույլ տված ամենաթողության զգացումն է Թուրքիայի մոտ, որը հանգեցրել է նման իրավիճակի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս