Ադրբեջան ժամանած գրոհայինները ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ. Բաբայան
Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը խոսել է Մերձավոր Արևելքից Ադրբեջան եկած մի քանի հազար գրոհայինների դերակատարության մասին Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի գործընթացում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այդ գրոհայինները հիմնականում հանդես են գալիս որպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմնական ուժերից մեկը:
«Սա նրանք անում են երկու հարթությունում`առաջինը անմիջապես ռազմի դաշտում: Ադրբեջանի իշխանությունները հիմնականում առաջնագիծ են ուղարկում ազգային փորքամասնությունների ներկայացուցիչներին` լեզգիներին, թալիշներին, ավարցիներին, իսկ գրոհայինները կանգնած են նրանց հետևում և փորձում են կասեցնել կամ նրանց նահանջը, կամ հնարավոր անցումը հայկական դիրքեր, որովհետև այդ փորքամասնությունները չեն ուզում պայքարել Ադրբեջանի համար՝ իշխան Ալիևի կլանին: Կան բազմաթիվ տվյալներ, որ ազգային փոքրամասնությունների շարքում զոհերի մեծ մասը հենց այդ գրոհայինների կողմից սպանված մարդիկ են»,- ասաց Բաբայանը:
Ըստ Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի` գրոհայինների կեսը տեղակայված են նաև Դաղստանի սահմանին և Իրանի սահմանամերձ թալիշաբնակ շրջաններում, որտեղ նույնպես փորձում են հարկ եղած դեպքում պատժել հնարավոր բողոքները պատերազմի նկատմամբ և ազգային փոքրամասնությունների զորակոչը բանակ:
«Արդեն իսկ կան տվյաներ, որ ազգային փոքրամասնությունների, գրոհայինների և թուրք-ադրբեջանական զորքերի միջև տեղի է ունենում լուրջ փոխհրազձգություն, կան նաև զոհվածներ և վիրավորներ»,- եզրափակեց Բաբայանը: