Ադրբեջանցի զինվորների դիակների գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգություններից։

«Այս պահի դրությամբ օպերատիվ կարող ենք իրավիճակը գնահատել հարաբերական հանգիստ, բայց պատերազմը շարունակվում է։ Ուզում եմ փոխանցել մի քանի կարևոր հանգամանք, որը մեզ է փոխանցել մեր հետախուզությունը։

Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Սրանք հստակ տվյալներ են, կարող ենք ասել, որ միայն մեկ ուղղությամբ 140 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշների շրջանում, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող այլազգիների շրջանում, հետևաբար՝ առաջիկայում մենք ականատես կլինենք նրանց բողոքներին։ Իրականում այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններում օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ ժամանակին նման էթնիկ զտիչ քաղաքականաություն է իրականացվել նաև արցախահայության նկատմամբ, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինվորների դիակների (որոնք հայտնվել են հայկական տարածքում) գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում, սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ Կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է  իրավիճակը՝ հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանում են համաչափ պատասխան։ Արցախում ներքաղաքական իրավիճակն ընդհանուր կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, իհարկե, պատերազմական իրավիճակին բնորոշ։ Հաղթելու ենք»,- եզրափակեց Վահրամ Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս