«Կրիմինալի հետ տալիս առնում եմ, բայց ոչ օրենք եմ խախտել, ոչ էլ մեկի հացին վայիս եմ եղել». Ջնդի Ամալյան
«Հա՜, Մոսկվայում քրեական հեղինակությամբ բարեկամաներ ունեմ, որոնց հետ տալիս առնում եմ, սաղի հետ էլ մոտիկ եմ։ Բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանը մանրամասնելով, թե ինչպես են ոստիկանները զինաթափել իր թիկնազորին:
– Պարոն Ամալյան ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելի խաչմերուկում զինաթափել են նաև ձեր թիկնազորին: Որտեղի՞ց էիք վերադառնում և ի՞նչ անօրինականություն էիք թույլ տվել:
– Ասում են երկու մեքենայով չի կարելի շրջել ես էլ մի մեքենայով եմ շրջում: Նման մի շոու դեռ 2 ամիս առաջ էլ էր արվել «Արևելյան խոհանոցից» ներքև Կասյան փողոցի վրա: Ախրանային վերցրեցին տարան 6-րդ վարչություն և ասացին, թե դուք տեղյակ չե՞ք, որ 2 մեքենայով չի կարելի շրջել: Ես էլ ասացի, որ ինձ ոչ ոք չի զգուշացրել: Նաև հիշեցրեցի, որ իմ աշխատողները ոստիկանության աշխատողներ են և կարող էին նրանց միջոցով այդ մասին տեղեկացնել: Այդ օրն իմ ախրանային 5 րոպե հետո թողեցին: Բայց 3 օր անց կանչում են իմ ախրանայի տղերքին, զենքերը վերցնում, և ասում են, որ էլ ինձ համար ախրանա պետք ա չաշխատեն: Ամալյանի հետ զենքով մարդ պետք ա չլինի: Ես դիմեցի համապատասխան մարմիններին ասացի, որ իմ վրա «պակուշենի» ա եղել և հետաքրքրվեցի, թե ի՞նչի համար են իմ ախրանայի զենքերը հավաքում: Բայց…:
Եթե չի կարելի 2-րդ մեքենա լավ, ուրեմն ես մի մեքենայում, օրենքի շրջանակներով, 3 հոգու կպահեմ: Այսպես ձգվեց- ձգվեց մինչև երեկ: Էջմիածնի Ջրառատ գյուղում սրբավայր էր բացվել: Սրբավայրում մատաղ էինք արել և 5 մեքենայով վերադառնում էինք: Սակայն ճանապարհին դիմացի 2 մեքենաները կանգնացրեցին, որտեղ, որ ես էի: Տաքսու մեջից գրաժդանսկի հագնված իջան ու հարձակվեցին մեր վրա: Իմ հետի տղերքը վախեցան ասացին «պակուշենիա» ասացի չէ, մեկին ճանաչում եմ, օրգանի աշխատող ա: Եկան դուռը այնպես բացեցին, որ մի վարորդը ընկավ. մեքենան խալաստոյ գնում էր, մի կեպ տոռմուզ տվեց, որ դիմացի մեքենային չխփի: Ես էլ ասացի՝ այս ի՞նչ անշնորհքություն ա էս, ո՞վ ա սենց մարդ բռնում: Մենք չգիտեինք, դուք եկել էիք մեզ խփելու, թե օրգանի աշխատող եք: Ասացին՝ բա 2 մեքենայով եք: Ես էլ ասացի, որ 2 մեքենայով չենք 5 մեքենայով ենք և մատաղ ուտելուց ենք գալիս: Սուրբ օր ա, մատաղ ենք տվել և 5 մեքենայով գալիս ենք տներով: Մի մեքենաս վերադարձրել են, մեկն էլ ասացին՝ 2 օրից կտանք: Բայց հարազատությունս, ես, խուճապի մատնվեցինք, կարծեցինք մահափորձ ա: Մի մեքենայի մեջ հայրս էր, մայրս, կինս, թոռնիկս մի խոսքով ազգ ու տակս: Մենք մեզ թույլ չէինք տա, որ կալոնա պահեինք ուղակի բարձրանում էինք Հրաչյա Քոչար, որ գայինք տներով:
– Ըստ ձեզ՝ սա օրենքի շրջանակներում իրականցվող գործողություն ՞է:
– Եթե օրենքի շրջանակներում է, ապա մենք օրենքի մարդ ենք: Մենք Ռուսաստանում 10-15 տարի «Արևելյան խոհանոցն» ենք աշխատացրել, այլ տեղերում էլ գործարքներ ունեմ, մարդիկ իմ մոտ աշխատում են: Բայց ես այստեղ արդեն, ոչ մի լավ բան չեմ տեսնում:
– Նշեցիք, որ ձեր դեմ 2 անգամ Հայաստանում մահափորձ է իրականցվել: Եթե կարելի էր մանրամասնեք, թե ի՞նչ պայամաններում է մահափորձը եղել, ե՞րբ, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից:
– «Արևելյան խոհանոցի» հետևի բակում 4 տարի առաջ իմ վրա կրակեցին 4 հատ ինձ կպավ, 5 հատ աներձագիս: Մեկին բռնել են հիմա գժանոցում ա: Հասկանալի է, որ այդ գժին պատվեր տված կլինեն, բայց ո՞վ և ինչո՞ւ ես չգիտեմ: Բայց, որ հիմա ֆակտ իմ կյանքը վտանգված ա փաստ է, ու այդ պայմաններում իմ ախրանային զինաթափել են: Նրանք իրավունք չունեին: Լյուբոյ քաղաքացի կարող է գնալ դիմել և ախրանա վարձել: 3 տարի է ես գումար եմ մուծել և օրինական ոստիկան եմ իմ կողքը պահել:
– Ձեզանից առաջ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին թիկնազորին զինաթափեցին և պատճառաբանեցին, որ թիկնազորի վճարումները ուշացել է: Հնարավո՞ր է, որ դուք պարտք ու պահանջ ունեցած լինեք:
– 3 տարի է, որ ես ոչ մի օր վճարումները ուշացրած չկամ:
– Իսկ, ե՞րբ եք եկել Ռուսաստանից և ինչո՞ւ:
– Ինձ կարոտը բերեց Հայաստան, որովհետև ես Հայաստանում եմ մեծացել: 4 տարի է, ինչ Հայաստանում եմ: Եկել եմ ներդրում եմ արել «Արևելյան խոհանոց» եմ բացել, մարզերում անասնապահական ֆերմաներ եմ սարքում: Հատկապես Ապարանի շրջանում: Նաև «Միդիա Սանգալ» եզդիների ազգային միավորման պատվավոր նախագահն եմ: Մոսկվայում բիզնես ունեինք, ծախսեցինք, եկանք Հայաստան, որ երեխաներս այստեղ ապրեն և չդառնային ռուս:
– Ներկա պահին ձեր անվտանգությունը ինչպես է ապահովվում:
– Ներկա պահին իմ անվտանգությունը ոչ մի կերպ չի ապահովվում, ոչ էլ ես ինձ ապահով եմ զգում: Եվ չգիտեմ, ո՞վ է իմ գլխին սարքում:
– Իսկ ինչ կասկածներ ունեք, ո՞վ է սարքում ձեր գլխին:
– Ես չեմ կարող կոնկրետ ասել, բայց, որ սարքում են դա ադնազնաչնի այդպես ա: Նախագահը, եթե հրամայել ա, որ 2-րդ մեքենան իմ հետևից չլինի դա չի լինի: Բայց ոչ, թե իմ ախրանան իրավունք չունի իմ հետ լինի: Ես էլ գլուխ չեմ հանում , թե ինչի՞ են այդպես անում:
– Թշնամիներ ունենք, թե ոչ:
– Կունենամ: Եթե այստեղ օբյեկտ ունեմ նշանակում է, թշնամի էլ կունենամ:
– Դուք խոսքի սկզբում նշեցիք, որ օրենքի մարդ եք, բայց շատերը ձեր անունը կապում են կրիմինալի հետ:
– Եթե Մոսկվայում քրեական հեղինակություն բարեկամներ ունեմ, հետները տալիս առնում եմ, դա հո չի նշանակում, որ ես քրեական հեղինակություն եմ: Հա ունեմ, սաղի հետ էլ մոտիկ եմ: Այսօր կյանքը այնպես է, որ սաղի հետ էլ մոտիկ ենք, բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել:
– Իսկ քրեական հեղինակությունը այս միջադեպի մասին տեղեկացվա՞ծ է, թե՞ ոչ:
– Դե իրենք էլ տեղեկացված կլինեն ես չեմ կրող ասել:
– Որոնք են լինելու ձեր հետագա գործողությունները: Կամ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ խոսե՞լ եք, փորձե՞լ եք հասկանալ, թե ո՞րն է այս ամենի պատճառը:
– Չէ՜, ոստիկանապետի հետ չեմ խոսել: Բայց առաջիկա անելիքները ես գիտեմ, ո՞նց կանեմ: Բողոք կներկայացնեմ, որ, որպես ազգային փոքրամասնության պատվավոր նախագահ գոնե ախրանա ինձ տան, որպեսզի ապահով լինեմ: Դա եմ խնդրելու: Հիմա շատ վախեցած եմ տանից դուրս գալիս, ինձ ուղեկցող չկա: Առանց զենքի ուղեկցեն, Աստված չանի, գան ինձ խփելու՝ անմեղ մարդկանց էլ կխփեն: Հակառակ դեպքում, մտադրվել եմ ունեցվածքս վաճառել և ընտանիքով հեռանալ Հայաստանից: Ի՞նչ է, ես իրավունք չունեմ իմ ընտանիքի անդամների հետ երկու մեքենայով տեղ գնամ, ուրախության և այլնի մասնակցել:
Զրուցեց Տաթև Մեսրոպյանը