«Նիկոլ Փաշինյանը թող տղամարդավարի խոստանա, որ հանրահավաքի օրը ԳԱԻ-ի պոստերը չի փակելու». Գևորգ Պետրոսյան

«Իհարկե, հասունացել է իշխանափոխության պահը, մարդկանց 70 տոկոսը սոված է, աշխատանք չունի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է իշխանության փոփոխության օրակարգով հանրահավաք անցկացնելը:

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե կտեսնենք՝ որքան մարդ դուրս կգա փողոց, Պետրոսյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյան, եթե տղամարդավարի խոստանում ես, որ անցակետերը փակել չես տալու, ԳԱԻ-ի պոստերը… Եթե ինքը վստահ է, որ մարդ չի գալու, թող տղամարդավարի խոստանա, որ ԳԱԻ-ի պոստերը չի փակելու: Ծառուկյանին առաջին օրը որ հրավիրել էին ԱԱԾ, մարդիկ իրենց կամքով փորձել են գալ, ճանապարհները փակել էին: Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչ արել է նախկին իշխանությունը: Դե, թող Նիկոլ Փաշինյանը տղամարդու խոսք տա, որ ցուցում չի տալու, հանձնարարություն չի տալու, որ ԳԱԻ-ի պոստերը փակեն: Դե կտեսնեք՝ ինչքան մարդ կգա, կամ ինչի՞ են այդքան անհանգստացած այդ հանրահավաքից, մարդիկ իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում: Ինչի՞ են անհանգստացած, եթե դու պետությունդ ճիշտ ես ղեկավարում, ի նպաստ ժողովրդի, ինչի՞ ես անհանգստացած, ինչքան ուզում է՝ թող հանրահավաք անեն: Այս հանրահավաքից են այսպես ցայտնոտի մեջ ընկել, և շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք»:

Լրագրողների դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ ԲՀԿ-ն վարկաբեկված է, Պետրոսյանը կոշտ արձագանքեց.

«Ո՞վ է ասում, դե ուրեմն գլուխը պատին է տալիս, ով որ ասում է: Ի՞նչ է նշանակում՝ ԲՀԿ-ն վարկաբեկված է»:

Դատարանի բակում Գևորգ Պետրոսյանն առանց դիմակի էր, և տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նրա նկատմամբ արձանագրություն կազմեցին:

«Հանկարծ որևէ մեկը բախտը չփորձի մատով կպնել ինձ…»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս