ԲՀԿ-ական քաղաքապետը չի կիսում որոշ ԲՀԿ-ականների կարծիքը
Սիսիանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` օրեր առաջ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստորագրահավաք էր կազմակերպել` ի պաշտպանություն ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի: Այս մասին տեղեկություն էր տարածել նաև henaran.am-ը:
Սիսիանցիները նշում են նաև, որ քաղաքապետը հրաժարվել է անձամբ ստորագրել այդ գրության տակ` ասելով, թե ի պաշտոնե նման բան անելու իրավունք չունի, հակառակ դեպքում` կստորագրեր:
168.am-ը որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ անձամբ ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից: Վերջինս, սակայն, հերքեց ստորագրահավաքի մասին տարածված լուրերը` ասելով. «Ախր, ուրիշ բան չունեն ասելու: Ես տեղյա՞կ եմ այդ մասին: Ուղղակի, գիտեք, ընտրությունները վերջացել են, մի ամիս հարաբերական հանգիստ տվեցի, հիմա ուրիշ բան չկա` դրա մասին են խոսում, էլի»:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե մի՞թե այդքան վատ քայլ է իր կուսակցին աջակցություն ցուցաբերելը, Ա. Հակոբջանյանը պատասխանեց. «Մեր կուսակիցն է, բայց դրա համար ո՛չ քաղխորհրդի որոշում կա, ո՛չ ցուցում կա, ո՛չ մոտեցում կա, ո՛չ դրա կարիքը կա: Այսօր այդ հարցն անցել է իրավական դաշտ, ճի՞շտ է: Իրավաբանները պետք է լուծում տան այդ հարցին, ոչ թե ստորագրահավաք կամ միտինգ անելով: Դրանցով հարց չես լուծի: Ես էդպես եմ տեսնում: Հարցն իրավական դաշտում է, և իրենք էլ պիտի լուծում տան: Ես անիմաստ եմ համարում նման հարցերը»:
Իսկ մեր այն հարցին, թե՝ Ձեր կուսակիցները նշում են, որ Վ. Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդումների հետևանք է` ուղղված ԲՀԿ-ի դեմ, և արդյո՞ք Դուք չեք կիսում է այդ տեսակետը, քաղաքապետը պատասխանեց. «Դա կուսակցության որոշ անդամների կարծիքն է, իսկ որոշների կարծիքը ես ո՞նց կիսեմ: Եթե մի կարծիք ձեզ հետ չի համապատասխանում, կիսո՞ւմ եք»:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է իր կարծիքն այդ հարցի վերաբերյալ. Ա. Հակոբջանյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել»: