«Եթե կա պահանջ, ապա դա պետք է ներկայացնել մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այլ սուբյեկտ իշխանության մեջ գոյություն չունի»․ Արթուր Ղազինյան

Քաղաքական անիմատորները բոլորիս զբաղեցնում են, բովանդակային որևէ հարց չկա քաղաքական այս անիմատորների օրակարգում, որևէ լուրջ հայեցակարգ, ուղենիշ չկա, և տրվում է ցածր որակի ռաբիս աստղի ունեցած բովանդակության պես մի արտադրանք ու փորձ է արվում պարտադրել նաև գիտակից և խելացի մարդկանց և մտավորականների։ 168.am «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ շեշտելով, որ տևական ժամանակ է՝ չի հետևում Ազգային ժողովի նիստերին, որովհետև իրական քաղաքական գործընթացներ խորհրդարանում չեն ընթանում։

«Խորհրդարանն արդեն իր լեգիտիմությունը կորցնելու եզրին է գտնվում, այդ մարմինը լեգիտիմ չէ, որովհետև երկրի ապագայի վերաբերյալ քաղաքական տեսակետների բախումը պետք է տեղի ունենար խորհրդարանում, բայց տեղի չի ունենում, պետք է այդ մարմնում առաջարկվեին խնդիրներին դեղատոմսեր, որոնք չկան. բոլորը զբաղված են տեղային մարտերով»,- ասաց Ղազինյանը՝ շեշտելով, որ նմանատիպ մի տեղային մարտերից մեկն էլ վերջին օրերին Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության և ամենամեծ ընդդիմադիր խմբակցության միջև ընթացող փոխհրաձգությունն է։

«Սա ռեալիթի-շոու է, սա քաղաքական գործընթաց չէ. Նախ՝ ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում՝ ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնել, երբ վարչապետը հայտարարում է, որ բոլոր ծրագրերն ինքն է ղեկավարում, այնպես որ՝ դրվել է լոկալ պահանջ, և վարչապետը հովանավորում է իր նախարարին, այսինքն՝ եթե կա պահանջ, ապա դա պետք է ներկայացնել մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այլ սուբյեկտ իշխանության մեջ գոյություն չունի, մնացած հարցերը հիմնական թիրախից շեղում է նշանակում։ Ես չեմ ցանկանում գնահատական տալ մեր ընդդիմադիր գործընկերների արածներին, որովհետև մենք հասել ենք նրան, որ ընդդիմադիր ուժերն իրար չեն քննադատում, մենք իրար չենք հարվածում՝ թեև կարող եմ շատ հարցերում համաձայն չլինել»,- ասաց Ղազինյանը։

Ըստ նրա՝ իշխանության համար ամենաանվտանգ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն է։

«Մենք շփվում ենք ժողովրդի տարբեր շերտերի հետ, և հավաստիացնում եմ, որ իշխանությունը բարձր պոպուլյարություն չունի։ Այլ բան է, որ իշխանությունը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չկա այլընտրանքային ուժային այն կենտրոնը, որը կփոխարինի այս իշխանությանը։ Սակայն իշխանությունը պետք է օր առաջ սկսի մտածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և թոթափի այդ 80 տոկոսանոց ծանր լուծը»,- ասաց Ղազինյանը՝չհամաձայնելով այն կարծիքի հետ, որ այս իշխանությունը պետք է հեռանա հանրային ճնշման միջոցով։

«Շատերի մոտ կարծիք կա, որ կարելի է 50 հազար մարդ ունենալ փողոցում և հասնել իշխանափոխության, բայց արդյո՞ք մեզ պետք է այդ տարբերակով ձևավորված իշխանությունը։ Ի՞նչ է՝ ստացվում է՝ մենք մտնում ենք հեղափոխական մի ցիկլի մեջ, երբ ամեն 50 մարդը կարող է իրեն հռչակել ժողովուրդ և իշխանության սեփականատեր հռչակվի և գնա իշխանություն փոխելու ճանապարհո՞վ։ Մենք դա՞ ենք ուզում, արդյո՞ք դա է մեր երազած Հայաստանը․ իմը դա չէ, ես համաձայն չեմ, որ իշխանափոխության հասնելու այլ տարբերակ չկա»,- ասաց Ղազինյանը։

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը պնդում է՝ այս պահին Հայաստանում կա խորը քաղաքական ճգնաժամ, սակայն, որ դա կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դեռևս չի նշմարվում:
«Կրկնում եմ՝ այս պահին չկա, բայց ես չգիտեմ՝ հաջորդ պահին ինչ կլինի։ Փաշինյանի վարկանիշի անկումը դա դեռ չի նշանակում, որ մյուսներինը բարձրանում է։ Իսկ կա՞ արդյոք քաղաքական ուժ, որը կստանձնի Փաշինյանի ընկած վարկանիշը վերցնելու գործը։ Ես առաջինը կշնորհավորեմ այն քաղաքական ուժին, որին կհաջողվի փողոցային պայքարի միջոցով այս իշխանությանը հեռացնել, բայց հետո միասին պետք է մտածենք, թե ինչպես պետք է բացառենք նմանատիպ իրավիճակներն ապագայում, որովհետև իշխանության նմանատիպ փոփոխության նախադեպեր ստեղծելով՝ մենք մտնում ենք մի վտանգավոր հորձանուտի մեջ, երբ պետական ինստիտուտները դեռ չեն հասցնում աշխատել, հայտնվում է 50 հազար մարդ ու փոխում իշխանությունը։ Կա՛մ՝ արդյո՞ք հաշվարկել են մյուս սցենարը, իսկ եթե Փաշինյանն ասում է՝ գնում ենք արտահերթ ընտրության, ու կոալիցիա ձևավորելով՝ ևս 5 տարի պաշտոնավարում է, ի՞նչ ենք անում»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս