Սամվել Ալեքսանյանը պարզաբանումներ է տվել
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Այս նիստի ընթացքում քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ի հետ զրույցում չի մանրամասնել նիստի օրակարգի հետ կապված հարցերը` նշելով, որ ԱԺ կանոնակարգով հանձնաժողովի անդամները որոշակի փուլերում որոշակիորեն կաշկանդված են տեղեկատվություն տալու առումով: «Չի եկել այն փուլը, երբ մենք ամբողջական տեղեկատվություն պետք է հաղորդենք հանրությանը: Այս շրջանում մենք որոշակիորեն կաշկանդված ենք, որպեսզի այդ հավելյալ տեղեկությունները, մեկնաբանությունները բուն հանձնաժողովի աշխատանքին ու նրա անաչառության վրա որեւէ կասկած չթողնի»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին կայքի հետ զրույցում նշել է, որ ինքը ներկա չի եղել հանձնաժողովի նիստին, տեղյակ էլ չի եղել այդ մասին եւ ավելին, իմաստ չի տեսնում մասնակցելու հանձնաժողովի նիստերին: