«Մենք պետք է մեր հարցերը լուծենք և մեր կեղտոտ լաթերը չփռենք աշխարհի առջև»
«Անկախ, թե ի՞նչ հարց է, ո՞վ է սխալ և ո՞վ է ճիշտ, ես համաձայն չեմ, որ արտաքին ուժերն ընհանրապես խառնվեն մեր ներքին գործերին: Ոչ ոք չպետք է խառնվի մեր ներքին գործերին, մենք պետք է մեր հարցերը լուծենք և պատճառ չտանք ուրիշներին, որ խառնվեն»,- այսպես պատասխանեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը 168.am–ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի և նաև ԱՄՆ-ի դեսպանի` այդ առիթով արած հայտարարության մասին:
«Մենք պետք է մեր հարցերը լուծենք և մեր կեղտոտ լաթերը չփռենք աշխարհի առջև: Ուրախ չեմ դեսպանի հայտարարությունից որևէ հարցով. օտար մարդիկ չպետք է ներգրավվեն մեր հարցերին: Եթե չլուծենք, այո°, առիթ կտանք, որպեսզի միջամտեն: Ինչ վերաբերում է Օսկանյանի գործի վերաբերյալ իմ կարծիքին, ապա այս հարցը մեր ազգին վնաս է տալիս, աշխարհով մեկ մարդիկ խառնվում են մեր գործերին, ամեն օր այդ մասին խոսվում է այստեղ-այնտեղ: Պետք է առանց աղմուկի իշխանությունները և Վարդան Օսկանյանը նստեն և տեսնեն, թե իսկական հարցը ո՞րն է, օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ»,- ասաց Հ.Սասունյանը` ավելացնելով, որ սա ընդամենը ադմինիստրատիվ խնդիր է, և խախտման դեպքում կարող է լինել միայն համապատասխան տուգանք:
Հարութ Սասունյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: